211652_close_icon
views-count6105 դիտում article-date 14:27 18-04-2022

Իրանը հայտարարել է, որ ամենափոքր սպառնալիքի դեպքում հարվածներ կհասցնի Իսրայելի կենտրոնական շրջաններին

Իրանի զինված ուժերը Իսրայելի կողմից ամենափոքր սպառնալիքի դեպքում հարվածներ կհասցնեն այդ երկրի կենտրոնական շրջաններին։ Այս մասին երկուշաբթի օրը Ազգային բանակի օրվա տոնակատարության ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Եթե ձեր կողմից ամենափոքր շարժում լինի, որը կսպառնա մեր ազգին, ապա իսրայելական ռեժիմի կենտրոնը կդառնա մեր զինված ուժերի թիրախը»,- մեջբերում է նրա խոսքը ԻՌՆԱ-ն։

Նախագահի խոսքով՝ «Իսրայելը ձգտում է կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, մինչդեռ իսրայելական ուժերի ամենափոքր տեղաշարժը [այդ երկրներում] աննկատ չի մնա Իրանի զինված ուժերի եւ հետախուզության կողմից»։

Ապրիլի 15-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Դամասկոսի արվարձանները, որտեղ տեղակայված են եղել Իրանի հակաօդային պաշտպանության կայանքներն ու ռադիոտեղորոշիչ սարքերը։ Դուբայից հեռարձակվող Al-Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել նաեւ ռազմական շարասյունին, որը իրանական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ էր հասցնում սիրիական բանակի կողմից կռվող «Հըզբոլլահ»-ի շիական ջոկատների բազային։

Նմանատիպ նյութեր