211652_close_icon
views-count1138 դիտում article-date 13:49 22-04-2022

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է հանրային լսումները մարզերում՝ ներկայացնելու համայնքների համար մշակված քաղաքաշինական փաստաթղթերը

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է մարզային այցերը՝ հանրությանը ներկայացնելու համար ՀՀ կառավարության ծրագրի համաձայն մշակված համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը: Այդ նպատակով կոմիտեի համակարգմամբ ձևավորված աշխատանքային խումբն այս անգամ այցելել է Սյունիքի մարզ, որտեղ նրանց հյուրընկալել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մարզպետարանում անցկացվող քննարկմանը մասնակցել են նաև աշխատանքային խմբում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների՝ Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է, թե համայնքների հետ սերտ գործակցության և նրանց կարիքների գնահատման արդյունքում մշակված փաստաթղթերն ինչ խնդիրներ են կարգավորում և ինչպես են նպաստում համայնքների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։ Նա տեղեկացրել է, որ փաստաթղթերը բաղկացած են քաղաքաշինական զարգացման 3 մակարդակից՝ տարածքային զարգացման, գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծեր: Հիմնական նպատակն է ձևավորել առողջ, անվտանգ և արդյունավետ քաղաքաշինական միջավայր, որը գրավիչ կլինի ինչպես տեղաբնակների, այնպես էլ այցելուների համար: Տարածքների իրական ներուժի վրա հիմնված զարգացման հայեցակարգերի մշակումը թույլ կտա ստեղծել արդի ենթակառուցվածքներով բնակավայր՝ բարձրացնելով բնակչության կենսամակարդակը և խթանելով տարածքների կայուն, համաչափ զարգացումը: 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդծել է մշակված փաստաթղթերի կարևորությունը՝ անդրադառնալով նաև համայնքային հողերի օտարման ընթացակարգի վերաբերյալ ներկաների բարձրացրած հարցերին. «Այսօր հողի մասնավորեցման որոշում կայացնելիս շատ զգուշավոր պետք է լինենք, մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի գալիք սերունդները հնարավորություն ունենան իրենց հարմարավետությունն ապահովել համայնքի տարածքում»:

Քննարկման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հայտնել է, որ փաստաթղթերում ներառվել են հանրային տարածքների զարգացման, կառուցապատման ավանդական հատկանիշների պահպանմամբ թաղամասերի արդիականացման, երիտասարդ ընտանիքների համար նոր թաղամասերի ձևավորման առաջարկներ: Իսկ զբոսաշրջության զարգացման հեռանկարով բնակավայրերի համար դիտարկվել է հյուրատների, համտեսի կենտրոնների գործարկման, հետիոտնային փողոցների բարեկարգման ծրագիրը: «Առանձնահատուկ տեղ է հատկացվել հուշարձանների ցանկում ընդգրկված և քայքայման վտանգի առջև կանգնած շինություններին երկրորդ կյանք տալու ծրագրերին, որոնց շնորհիվ դրանք կօգտագործվեն, օրինակ, որպես տարածաշրջանի երիտասարդական նորարարական կենտրոններ»,-նշել է Նունե Պետրոսյանը: Հաշվի առնելով բնակավայրերում գյուղարտադրության, օրինակ՝ բրդի վերամշակման արդյունաբերության կազմակերպման հնարավորությունը՝ հստակեցվել է նաև մթերումից մինչև վերջնական արտադրանքի ստացումն ապահովող արտադրական ձեռնարկությունների տեղաբաշխումը՝ նպաստելու համար նոր աշխատատեղերի ստեղծմանը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հիշեցնում է նաև, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ նախատեսված է հանրապետության բոլոր մարզերի համար մշակել միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր, որոնց հանրահռչակման նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը պարբերաբար հանրային լսումներ է կազմակերպում մարզերում:

Նմանատիպ նյութեր