211652_close_icon
views-count1667 դիտում article-date 16:38 25-04-2022

Նոր նախագիծ՝ ՏՏ ոլորտում. կսահմանվի կրթական 5 մրցանակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաձայն նախագծի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով սահմանվում է կրթական հինգ մրցանակ.

լավագույն ուսանողների համար` «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ» (1-ին և 2-րդ կարգ), «Լավագույն մագիստրանտ» (1-ին և 2-րդ կարգ), «Լավագույն բակալավր» (1-ին և 2-րդ կարգ),

լավագույն աշակերտների համար` «Լավագույն աշակերտ»՝ 2023 թվականից:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացնում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի։

ԿԳՄՍ նախարարին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել ՏՏ բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը, լավագույն ուսանողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից համալսարանների ցանկը, իսկ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը՝ «Լավագույն աշակերտ» մրցանակաբաշխության պայմանները:

Ներկայում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակներ սահմանված չեն, և մրցանակների շնորհման և հանձնման որևէ համակարգ չի գործում: Հետևաբար, ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա բարձր առաջադիմություն ունեցող և ՏՏ ոլորտի տարբեր նորարարական աշխատանքներին (մրցույթներ, տպագրված հոդվածներ) մասնակցություն ունեցած ուսանողներին, ինչպես նաև աշակերտներին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման նոր և արդյունավետ համակարգ ներդնել: «Լավագույն աշակերտ» անվանակարգի պարգևատրման չափն ու մրցանակների քանակը կնախատեսվեն մրցանակաբաշխության պայմանների սահմանումից հետո:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 5-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նմանատիպ նյութեր