Մակունցը ոստիկաններ է հրավիրել Կոնգրես՝ հայերին հեռացնելու համար․ մանրամասներ՝ Վաշինգտոնի միջադեպից. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին կազմակերպված միջոցառման ժամանակ միջոցառմանը մասնակցած ամերիկահայ երիտասարդների դեմ ոստիկանություն է հրավիրել։ Tert.am-ը զրուցել է երիտասարդներից մեկի հետ, ով մանրամասներ է հայտնել միջադեպի հետ կապված։
«Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցում էիք նաև մենք։ Միջոցառմանը մասնակցում էին կոնգրեսականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ դեսպանատան աշխատակիցները՝ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ։
Միջոցառման ավարտին, երբ բոլորը արդեն հեռանում էին, մեզ տեսնելով դեսպանատան աշխատակիցները Լիլիթ Մակունցի ցուցումով անմիջապես հրավիրեցին ոստիկաններին մեզ այնտեղից հեռացնելու նպատակով։ Մենք որևէ ակցիա կազմակերպելու նպատակով չէինք այնտեղ՝ առաջին հերթին հարգելով Ապրիլի 24-ի խորհուրդը։
Դեսպանատան աշխատակիցները ինչ-որ անհիմն մեղադրանքներ էին հնչեցնում մեր հասցեին, սկզբից չէինք հասկանում ինչ է կատարվում։ Ոստիկանները մոտ երկու ժամ մեզ պահել են տեղում, թույլ չեն տվել տուն գնանք, հարցուփորձ են արել, ստուգել փաստաթղթերը։ Տեսնելով, որ անօրինական ոչինչ չկա՝ բաց են թողել ու ասել դեսպանատան աշխատակիցներին, որ մենք իրավունք ունենք այտսեղ գտնվելու ու պարզապես չեն կարող մեզ հեռացնել»։
Նա նշեց, որ Լիլիթ Մակունցը իրենց հավանաբար դեմքով ճանաչել է նախկինում դեսպանատան դիմաց կազմակերպած ակցիաներից։
«Մենք նախկինում ակցիաներ ենք արել դեսպանատան դիմաց, երբ Մակունցը 44-օրյա պատերազմին նվիրված միջոցառում էր կազմակերպել, մենք ակցիա ենք իրականացրել՝ պահանջելով քայլեր ձեռնարկել հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Առաջին անգամը չէ, որ Լիլիթ Մակունցը մեր դեմ ոստիկաններ է կանչում։
Հավանաբար մտածում է, որ Հայաստանի օրինակով կարող է կարմիր բերետավորներ կանչել և մեզ հեռացնել տարածքից, բայց այստեղ բոլորս գիտենք մեր իրավունքները, չեն կարող հենց այնպես հեռացնել մեզ»,- ասաց ամերիկահայ երիտասարդներից մեկը։