«Հարցնում էին՝ ո՞ւր են մեր երեխեքը, վարչապետն ասում է՝ չեմ կարա ասեմ». զինծառայողների ծնողները հանդիպել են Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
News.am-ը գրում է. Զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 29-ին, հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Յոթ հոգանոց խումբը դեռ ամիսներ առաջ է պայմանավորվել հանդիպել վարչապետի հետ, միայն այսօր է հանդիպումը կայացել։
«Մեր տղաների հարցով գործը նախաքննական փուլում է։ Մենք ուզում էինք բարձրաձայնել ավելի բարձր ատյանում՝ վարչապետի մոտ: Էդ մարդն էլ կանչել էր դատախազին, համապատասխան քննչական մարմիններին, նորից մեր հուզող հարցը բարձրացրել ենք, ասել ենք՝ թող ձեր անմիջական հսկողության տակ լինի»,-լրագրողներին պատմեց ծնողներից մեկը:
«Հրամանատարի անփութության պատճառով մենք կորցրել ենք մեր երեխեքին, այդ հարցով էինք վարչապետի մոտ։ Վարչապետը բացարձակ ոչ մի բան չասաց, երևի թե, տեղյակ էլ չէր գործից: Քանի որ գործը նախաքննական փուլում է, ասաց՝ թող քննությունը ընթանա:
Հիմա ասեկոսեներ է գնում, որ բախտակից ծնողների մեջ պառակտում կա: Ես պաշտոնապես հայտարարում եմ, եթե կան կասկածողներ, թող գան իմ դեմը կանգնեն ասեն: Ո՞նց կարող է նույն ցավի տեր մարդկանց մեջ պառակտում լինի, դա բացառվում է»,-ասաց նա՝ հավելելով, որ հանդիպումը տևել է 2-ից 3 ժամ:
«Անհետ կորած զինծառայողների ծնողները վարչապետից հարցնում էին, ասում էին՝ ո՞ւր են մեր երեխեքը, ե՞րբ են տուն գալու, ասում է՝ «չեմ կարա ասեմ»: Առավել երկար խոսեցին անհետ կորած զինվորների ծնողները»»,-նշեց հանդիպմանը մասնակից ծնողը։