211652_close_icon
views-count932 դիտում article-date 18:44 27-05-2022

Հարկ վճարողների շրջանում իրականացված գոհունակության գնահատման առցանց հարցումն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ հարկ վճարողների շրջանում, ապրիլի 4-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում անցկացված գոհունակության գնահատման առցանց հարցումն ավարտվել է:

Հարցումն իրականացվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» ծրագրի շրջանակում՝ ՊԵԿ պաշտոնական կայքում և «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online» համակարգում զետեղված հարցաթերթիկի միջոցով:

Առցանց հարցմանը մասնակցել է 641 հարկ վճարող, որոնցից՝ 592-ը կազմակերպություն/ԱՁ (հարցվածների 92.4%-ը), իսկ 49-ը՝ ֆիզիկական անձ (հարցվածների 7.6%-ը): Հարցաթերթիկը բաղկացած է եղել 13 հարցից այդ թվում՝ 2 ենթահարցից: Հարցմանը մասնակցել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործունեություն ծավալող հարկ վճարողները, որոնցից 277-ը հանդիսացել են ԱԱՀ վճարող կամ հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող, 243-ը՝ շրջանառության հարկ վճարող, 90-ը՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (որից 18-ը ֆիզիկական անձ) և 31-ը՝ հարկային մարմնում չհաշվառված ֆիզիկական անձ:

Հարցման արդյունքների համաձայն, երբ դիտարկվում է հարցերին դրական գնահատական տված մասնակիցների մասնաբաժինը ընդհանուր թվաքանակի մեջ, ստացվում է, որ ՊԵԿ ընդհանուր գործունեությունը դրական է գնահատել հարցման մասնակիցների 86.1%-ը, իսկ հարկային մարմնի մասով՝ մասնակիցների 87.1%-ը և մաքսային մարմնի մասով` 81.2%-ը:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ «Խնդրում ենք գնահատել ՊԵԿ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների կատարումը կամ վարքագիծը» հարցին տրվել է ամենաշատ դրական պատասխանը (641 պատասխան, որից 595-ը կամ 92.8%-ը դրական), իսկ ամենաբարձր տեսակարար կշիռ ունեցող դրական պատասխանը տրվել է «Ինչպե՞ս եք գնահատում հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով Ձեզ ուղարկվող ծանուցումների օգտակարությունը» հարցի վերաբերյալ (431 պատասխան, որից 425-ը կամ 98.6%-ը դրական): Հարցման շրջանակում հարկ վճարողները գնահատել են ՊԵԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը, անդրադարձ է կատարվել նաև իրականացվող ստուգումներին։

Գնահատվող հարցերից բացի, հարկ վճարողներին հնարավորություն է տրվել ներկայացնել նաև իրենց առաջարկությունները։ Ընդհանուր առմամբ ստացվել է 163 առաջարկ, որոնք հիմնականում վերաբերել են հարկային և մաքսային մարմինների գործունեության բարելավման հնարավոր ուղղություններին, օրենսդրական փոփոխություններին և այլ ուղղությունների: Մասնավորապես՝ ստացված առաջարկների 30.7%-ը վերաբերել է օրենսդրական կարգավորումներին, 28.8%-ը՝ խորհրդատվության և իրազեկման խնդիրներին, 25.8%-ը՝ էլեկտրոնային ծառայությունների մատուցմանը, 12.9%-ը՝ ծառայողների կողմից իրավաչափ վարքագիծ պահպանելուն և 1.8%- ը՝ մաքսային վարչարարության պարզեցմանը:

Պետական եկամուտների կոմիտեն մեծապես կարևորվում է հարցման արդյունքներն ու ստացված առաջարկները՝ հարկային և մաքսային արդյունավետ վարչարարության կազմակերպման, հարկային մարմին-հարկ վճարող երկխոսության ու գործընկերային հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Արդյունքները հնարավորություն են տալիս նաև գնահատել հարկ վճարողների վերաբերմունքը հարկային և մաքսային վարչարարության վերաբերյալ՝ հետագա բարեփոխումների առաջնահերթ ուղղություններ սահմանելու նպատակով։ Մանրամասները՝ տեսանյութում.

ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր