211652_close_icon
views-count2882 դիտում article-date 10:27 28-05-2022

Ինչու չի կայանա հունիսի 3-ի արտահերթ նիստը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հունիսի 3-ին նշանակված է արտահերթ նիստ, որի անցկացումը պահանջել են ընդդիմադիր երկու խմբակցությունները: Մեկնաբանելով այդ պահանջը՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Կա՛մ նրանք (այսինքն՝ ՔՊ-ականները-Ա.Ա.) կգան ԱԺ ու կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան կստորագրեն այդ հայտարարությունը»: Խոսքը մտավորականների տարածած հայտարարության մասին է, ըստ որի, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Ինչպես եւ սպասվում էր, ՔՊ-ն այդ նիստը տապալելու է. եթե իշխանավորներն անկեղծ լինեին իրենց ընդդիմախոսների եւ քաղաքացիների առջեւ, նրանք իսկապես կգային եւ կփորձեին հիմնավորել, թե ինչու այլ տարբերակ, քան Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը, նրանք չեն տեսնում: Բայց քանի որ ՔՊ-ականները դրա համար բավականաչափ արիություն չունեն, նրանք փաստացի չեն ուզում ասել ո՛չ «այո», ո՛չ էլ «ոչ», այլ խոսակցությունը տանում են այլ՝ իրենց սիրած ուղղություններով.

1/ դուք թալանել եք,

2/ դուք բանակցությունների ժամական Ղարաբաղը հանձնում էիք Ադրբեջանին,

3/ ժողովուրդը ձեզ մերժել է եւ մերժում է:

Անկախ նրանից, թե որքանով են ճիշտ կամ սխալ այդ պնդումները, դրանք հեռացնում են հիմնական թեմայով առարկայական խոսակցությունից եւ, հակառակը՝ սրում են հակասությունները:

Թե ում են ձեռնտու հետագա թշնամանքն ու բեւեռացումն առաջացնող սկանդալները՝ դժվար չէ կռահել: Ավելին՝ հեշտությամբ կարելի է նկատել, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւն իր արտահայտություններով փորձում է բորբոքել մեր այդ ներքին հակասությունները: Հաշվի չնստելով քաղաքական եւ անգամ ձեւական տրամաբանության հետ՝ նա հայտարարում է, որ «սահմանազատման» խնդրին նվիրված հայկական եւ ադրբեջանական հանձնաժողովների  համատեղ աշխատանքն  ինքնին նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արդեն փակված է: Այդպիսով, նա առիթ է տալիս ընդդիմությունն ասելու՝ «այ, տեսնո՞ւմ եք, նրանք արդեն պայմանավորվել են այդ հարցում», դրանով իսկ՝ ավելի լարելով առանց այդ էլ սրված իրավիճակը:

Եվ դարձյալ՝ ինձ ավելի ցանկալի է թվում, որ իշխանության եւ ընդդիմության շփումները լինեն ավելի կառուցողական: Բնականաբար, դա չի նշանակում, որ նրանք պետք է հետ կանգնեն իրենց սկզբունքային հակասություններից, ոչ էլ ընդդիմությունը պետք է հրաժարվի իր փողոցային ակցիաներից (եթե դրանք արդյունավետ է համարում): Բայց, կարծում եմ, հիմքը, ելակետը կամ, եթե ուզում եք, մեր հասարակությանը եւ աշխարհին հասցեագրված հիմնական ուղերձը պետք է լինի. «Մենք բոլորս ընտրվել ենք Հայաստանի քաղաքացիների կողմից»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր