211652_close_icon
views-count2042 դիտում article-date 09:49 31-05-2022

Արցախի դեմ վարձկան ահաբեկիչներ ներգրավելու թեման, կարծես, մոռացվել է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Թվում է՝ պատերազմից հետո բազմաթիվ ուղղություններով Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվ աշխատանքներ տանեին միջազգային հանրության գործընկերների հետ և համառ ջանքերի միջոցով գոնե ինչ-որ արդյունքների հասնեին։ Ի մասնավորի, յուրաքանչյուր առիթով հարկ է բարձրացնել Ադրբեջանի կողմից հանցագործությունների իրականացման թեման:

Բայց գոնե հրապարակային տեղեկատվության հենքով կարելի է արձանագրել, որ այդ ամենը փաստացի չի կատարվում ինչպես հարկն է։ Օրինակ՝ Արցախի դեմ վարձկան ահաբեկիչներ ներգրավելու թեման, կարծես, մոռացվել է, գոնե իշխանությունների մակարդակով դրա մասին ծպտուն անգամ դուրս չի գալիս։ Տպավորություն է առաջանում, թե Ադրբեջանն ու Թուրքիան հասել են իրենց առաջ դրված այն խնդրին, որ ահաբեկիչների թեման այլևս չբարձրացվի։ Ու բացարձակ բացառված չէ, որ այդ գրոհայիններին բնակեցնեն Արցախից օկուպացված տարածքներում կամ կրկին օգտագործեն Արցախի դեմ ագրեսիվ գործողություններում։

Պատահական չէ, որ Թուրքիայի՝ նման մտադրությունների մասին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում պատերազմից անմիջապես հետո։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը մասշտաբային կերպով ոչնչացնում է հայկական մշակութային արժեքները, Արցախից օկուպացված տարածքներից ամբողջովին ջնջում է հայկական հետքը, կեղծում է պատմությունը։

Իսկ այս խնդրին մեր իշխանությունները միայն կցկտուր են անդրադառնում՝ այն էլ հիմնականում ներքին լսարանի համար, իսկ միջազգային հանդիպումներում քննարկվող հարցերի շրջանակներում գլխավորապես շրջանցում են թեման, հակառակ դեպքում դրա մասին հաստատ կարձանագրվեր տարբեր հանդիպումների արդյունքները ներկայացնող հաղորդագրություններում»։

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր