211652_close_icon
views-count3224 դիտում article-date 14:20 05-06-2022

Դա ոչինչ չի փոխում․ Պուտինը՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող հրթիռային համակարգերի մասին

Sputnik Արմենիան գրում է․ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումը ուկրաինական մարտական տեխնիկայի կորուստների լրացման մասին է խոսում: Ըստ էության, դա ոչինչ չի փոխում: «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կան նաև, ասենք, հրետանային զենքի մատակարարման հայտեր։ Այստեղ էլ մոտավորապես նույնն է։ Դատելով ամենից՝ խոսքը նաև մարտական գործողությունների ընթացքում կորցրածի, ոչնչացվածի վերականգնման մասին է»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ ռուսական հատուկ գործողության մեկնարկի պահին ուկրաինական բանակի մարտական կազմում կար մոտավորապես 515 հրթիռային համակարգ, որոնցից 380-ը ոչնչացվել են։ Սրանց մի մասը վերականգնվել է կամ լրացվել է պահուստից, այժմ Կիևն ունի մոտավորապես 360 միավոր նման տեխնիկա:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Ուկրաինա HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումների համաձայնեցման մասին, պայմանով, որ դրանք չեն օգտագործվի ՌԴ-ի տարածքին հարվածներ հասցնելու համար: Վլադիմիր Զելենսկին հրապարակավ հաստատել է, որ Կիևը կկատարի այդ պահանջը։

Ընդ որում, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եգոր Չեռնևը չի բացառել ԱՄՆ-ի կողմից մատակարարվող հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Զելենսկու խոսքերը` ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ին մատակարարված զենքի չօգտագործման մասին, հայտնել է, որ Ռուսաստանն ուկրաինական կողմի նկատմամբ վստահություն չունի, քանի որ Զելենսկին չի կատարել Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր ոչ մի խոստում:

Նմանատիպ նյութեր