211652_close_icon
views-count3560 դիտում article-date 10:37 07-06-2022

Լավրովը և Ֆրանսիայի հրապարակի վրանները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Փողոցում բողոքի ցույցեր անցկացնող ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ ոստիկանությունը պատրաստվում է բռնի ուժով ապամոնտաժել Ֆրանսիայի հրապարակում իր տեղադրած վրանները: Իշխանության կողմնակիցները դրանից եզրակացնում են, որ ցույցերի կազմակերպիչները ցանկանում են ազատել Ֆրանսիայի հրապարակը: Իշխանական թեւի ներկայացուցիչների մի մասն է՛լ ավելի հեռու է գնում եւ վարկած է առաջ քաշում, որ պատճառը հունիսի 10-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների նիստն է, եւ քանի որ, ըստ այդ «հակա-ընդդիմադիրների», ցույցերը հրահանգված են Մոսկվայից, այժմ խնդիր է դրված լոյալություն ցույց տալ ՀԱՊԿ արտգործնախարարներին եւ անձամբ Սերգեյ Լավրովին:

Եթե վրաններն ապամոնտաժվեն «հանուն ՀԱՊԿ-ի», ես դրա մեջ որեւէ բացասական բան չեմ տեսնում. ընդդիմությունը պայքարում է իշխանության, ոչ թե պետության դեմ, եւ եթե պետությունը կազմակերպում է կարեւոր պաշտոնական հանդիպում (նույնիսկ ՀԱՊԿ-ի նման ձեւական կառույցի պարագայում), ապա միանգամայն բնական է, որ քաղաքացիները, անկախ քաղաքական հայացքներից, չպիտի դրան խոչընդոտեն: Ի դեպ, ՀԱԿ-ը, երբ փողոցում պայքարող ընդդիմություն էր, նման քայլերի դիմել էր:

Բայց հարգարժան ընդդիմադիրները, հավանաբար, պետք է լրջորեն մտածեն ընդհանրապես Ֆրանսիայի հրապարակը փակելու եւ մայրաքաղաքի կենտրոնում երթեւեկության հետ ստեղծվող խնդիրների մասին: Եթե փողոց փակելը երեք օր կամ հինգ օր արդյունք չի տալիս, ապա քիչ հավանական է, որ դա իշխանափոխության կբերի 40 օրից: Այդքան երկար ժամանակով փակ պահելով կենտրոնը, ընդդիմադիրները, կարծում եմ, դժգոհություն են առաջացնում ոչ միայն իշխանության երկրպագուների մոտ, այլեւ անտարբերների եւ անգամ սեփական համակիրների շրջանում: Եթե պարզ է, որ պայքարի այս ձեւը արդյունք չի տվել, ապա պետք է մտածել պայքարի այլ ձեւերի մասին՝ չվախենալով «չուզողների» հեգնական մեկնաբանություններից:

Բացի ձեւից՝ ես կմտածեի նաեւ ասելիքի քաղաքական բովանդակության մասին: «Դավաճանության», «թուրքանալու» մասին խոսելը՝ որպես զուտ հռետորական հնարք, գուցե քաղաքացիների մի մասի մոտ դրական արձագանք է առաջացնում: Բայց 19-րդ դարի 80-ական թվականների հռետորաբանությունն արդյո՞ք բացահայտում է ներկայիս իշխանության ձախողումների (այո, սարսափելի, աղետալի ձախողումների) իրական պատճառները: Իսկ առանց այդ պատճառների իմաստավորման հնարավո՞ր է ձեւակերպել ընդդիմադիրների հետագա անելիքները:

Ես, օրինակ, այդպես էլ չհասկացա, թե ի՞նչ են պահանջում «Դիմադրության շարժման» ներկայացուցիչները արտասահմանում Հայաստանի ներկայացուցչություններից»:

Մանրամասն՝ թեթրի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր