211652_close_icon
views-count1418 դիտում article-date 20:40 07-06-2022

Վարչապետը հանձնարարականներ է տվել Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կազմակերպման վերաբերյալ

Հունիսի 9-10-ը Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել համապատասխան պետական գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարներին նիստի պատշաճ կազմակերպման վերաբերյալ:

Ըստ վարչապետի հունիսի 7-ի 651 – Ա որոշման, որը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում, ՀՀ արտգործնախարարը և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետը ապահովելու են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կազմակերպչական աշխատանքների կատարումը պատշաճ մակարդակով, նախապատրաստելու են նիստի ծրագիրը և ապահովելու են ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Պետական պահպանության ծառայության պետին հանձնարարված է ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր, ոստիկանության պետին՝ նիստի անցկացման վայրերում հասարակական կարգի պահպանումը և ճանապարհային ոստիկանության անձնակազմերի հատկացումը ուղեկցության համար:

Արտակարգ իրավիճակների նախարարը կապահովի փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրում, քաղավիացիայի կոմիտեի նախագահը՝ նիստի շրջանակներում Հայաստան ժամանող հատուկ չվերթերի սպասարկումը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումն ու ճանապարհումը:

Իսկ նիստի կազմակերպման և անցկացման, պատվիրակությունների կեցության, միջոցառման անցկացման համար սրահների վարձակալության և կահավորման, արարողակարգային միջոցառումների և նախապատրաստական այլ աշխատանքների հետ կապված ծախսերն արվելու են 2022 թ. պետբյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ԱԳՆ-ի և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: Ֆինանսական մասով կազմակերպչական հարցերի ապահովումը հանձնարարված է ֆինանսների նախարարին:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը Երևանում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ: Նիստին մասնակցելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ըստ օրակարգի՝ նիստի ընթացքում քննարկվելու է միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցն ու դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա: Արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին ներկայացվելու է տեղեկատվություն ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններում կազմակերպության ճգնաժամային արձագանքման կատարելագործման ուղղությամբ ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի կողմից անցկացվող աշխատանքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր