211652_close_icon
views-count2176 դիտում article-date 14:27 22-06-2022

Հայաստանը տեխնոլոգիական մեծ ներուժ ունի. նախարարը վստահ է՝ Orion Summit-ը կնպաստի գտնելու առաջընթացի նոր ուղիներ

Երևանում անցկացվող Orion  Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը տեխնոլոգիական ընկերությունների, նաև ոլորտի զարգացման և կայացման համար առանցքային նշանակություն ունի, այն նաև լավ հնարավորություն է՝ արձանագրելու ոլորտի զարգացումներն ու հաջողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, գագաթնաժողովի շրջանակում իր ելույթում նման տեսակետ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

«Նման միջոցառումների անցկացումը տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև ոլորտի զարգացման և կայացման համար առանցքային նշանակություն ունի: Այսօր մեկ հարթակում հանդես կգան տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, որպեսզի քննարկեն արդիական թեմաներ, կկիսվեն իրենց փորձով,  հաջողության պատմություններով: Սա նաև լավ հնարավորություն է մեզ համար՝ արձանագրելու ոլորտի զարգացումները և հաջողությունները»,-ասաց Խաչատրյանը:

Նախարարը կարծում է, որ պետք չէ խուսափել նաև խնդիրների մասին խոսելուց: Դրանք վերհանելը և քննարկելը, լուծման ուղիներ մշակելը հնարավորություն են տալիս չկրկնել սխալները, խուսափել նոր սխալներ գործելուց:

Ստարտափ էկոհամակարգի զարգացումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության օրակարգում է: Նախարարը վստահեցրեց՝ իրենք հետևողական աշխատանք ենք տանում ստարտափների կայացման և առաջընթացի համար: Նա վստահ է, որ իրենց ուղին հարթած և ձեռքբերումների հասած ընկերությունների հաջողված փորձը լուրջ խթան և ազդակ կարող է հանդիսանալ առաջին քայլերն անող ստարտափների համար:

«Հայաստանը տեխնոլոգիական մեծ ներուժ ունի, և այդ ներուժը, մասամբ, այստեղ է հավաքված: Համոզված եմ, որ այս գագաթնաժողովի արդյունքները երկար սպասել չեն տա: Վստահ եմ, որ միջոցառումը կանցնի արդյունավետ և կնպաստի, որ միասին գտնենք առաջընթացի նոր ուղիներ»,-եզրափակեց Խաչատրյանը:

Orion Summit 2022-ն անցկացվում է Երևանում հունիսի 22-ին: Մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: Մասնակիցների թվում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը։ Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն  էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։

«Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ:

Նմանատիպ նյութեր