211652_close_icon
views-count9820 դիտում article-date 12:43 24-05-2022

Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովում քննարկվող գլխավոր թեմաներից մեկը միաձուլումներն են

Հունիսի 22-ին Երևանում կայանալիք Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը կքննարկի 5 գլխավոր թեմա, այդ թվում՝ ոլորտի ամենաարդիական հարցերից մեկը. «Ձեռքբերումները և միաձուլումները (M&A), որպես հայկական ստարտափ էկոհամակարգի աճի և հասունացման արագացման միջոց»: 

Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու դրա շուրջ համախմբված գործընկերները նպատակ են դրել M&A-ի միջոցով համաշխարհային ազդեցության հասնել, նպաստել Հայաստանի ՀՆԱ-ի աճին, հաջողության մոդել ստեղծել զարգացող մյուս շուկաների համար: Բարձր ներուժ ունեցող հայկական ստարտափ էկոհամակարգում գրանցված են շուրջ 2500 ընկերություններ, որոնք լավ հիմք են շուկայի համախմբման և ավելի շատ «միաեղջյուր» (unicorn) ընկերություններ ստեղծելու համար: Միաձուլված կամ խոշորացած ընկերություններն ավելի մրցունակ կարող են լինել համաշխարհային շուկայում: 

Հարցի վերաբերյալ «Adobe -Երևանի» Տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանը կներկայացնի համաշխարհային այս հսկայի արագ աճի փորձը՝ M&A-ի միջոցով: «Adobe»-ն սպառողական ծրագրերի համաշխարհային բրենդ է: Ընկերության ամենահայտնի պրոդուկտներն են Photoshop-ը, Acrobat-ը, Creative Cloud-ը: Տասնամյակների ընթացքում «Adobe»-ն ձեռքբերման միջոցով ինտեգրել է բազմաթիվ ընկերությունների, որոնք ընդլայնել են ընկերության պորտֆելը՝ նոր շուկաներում մրցակցելու, թվային մեդիա ու թվային մարքեթինգային բիզնեսներն արագացնելու հնարավորություն տալով: Միաձուլումների և ձեռքբերումների թեմայով իրենց դիտարկումները կներկայացնեն նաև աշխարհի առաջատար այլ ընկերություննների ներկայացուցիչներ. «EY -Հայաստանի» Հարկային ծառայությունների տնօրեն Կամո Կարապետյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը և այլն:

Պանելային քննարկումից անմիջապես հետո կբացվի M&A Fair (տոնավաճառ)՝ «Նպաստել հայկական շուկայի աճին» խորագրով: BAJ Accelerator ծրագրի անդամ հայկական ընկերությունները կներկայանան միաձուլումների և ձեռքբերումների իրենց պլաններով: 

«Orion»-ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։ 

Հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր