211652_close_icon
views-count1707 դիտում article-date 16:55 01-07-2022

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։

Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը՝ ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ՔՊ-ականները հերթական հարվածը հասցրեցին հայկական պառլամենտարիզմին, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և հայոց պետականությանը։ Խորհրդարանի ՔՊական մեծամասնությունը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։

Որոշումներն ընդունվեցին միաձայն՝ Սովետական Միության ամենանողկալի ավանդույթներին համահունչ։

Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է իր մի հատվածը կորցնելու վտանգի առաջ, երբ հայոց պետականության ինքնիշխանության ոչնչացման ռեալ վտանգ կա, երբ ոսոխը մեզ շարունակում է պատերազմով սպառնալ, ՔՊ-ականների միակ հոգսն իրենց աթոռներն են։ Թող մեզ իրենց արշինով չչափեն։ Թող հույս չունենան, որ մեր ընկերներին պաշտոնից, իսկ շատերին նաև ազատությունից, զրկելով նրանք կկասեցնեն մեր պայքարը։ Սա հայ ազգի գոյության, հայոց պետականության համար պայքար է, այլ ոչ թե պաշտոնի ու պարգևավճարների։

Որևէ պաշտոնի, որ երբևիցե զբաղեցրել եմ, վերաբերվել եմ ամենայն լրջությամբ, բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ՝ ներդնելով ամբող գիտելիքներս ու եռանդս։ Սակայն, քաղաքական այս տրագիկոմիկ իրավիճակում քաղաքական պաշտոն զբաղեցնելն այլևս անթույլատրելի եմ համարում։

Ըստ այդմ, սույնով հայտարարում եմ, որ այսօրվանից վայր եմ դնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը»։

Նմանատիպ նյութեր