211652_close_icon
views-count866 դիտում article-date 12:36 05-07-2022

Համերաշխության ու հանդուրժողականության բացակայությունն անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:

Նա, մասնավորապես, նշել է. «27 տարի առաջ այս օրն ընդունվեց մեր անկախ պետականության խորհրդանիշ Սահմանադրությունը: Մայր օրենքի դերն անգնահատելի է իրեն որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն հռչակած յուրաքանչյուր երկրի կայացման գործում։

Անժխտելի է, որ Սահմանադրության գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց, և միասնական պատասխանատվությամբ մեր երկրի ապագան ավելի լավը դարձնելու ուղղությամբ անընդհատ աշխատելը բոլորիս հավաքական պարտքն է: Հայոց պետականության հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները չպետք է միայն թղթի վրա արձանագրված լինեն, այլ ամենօրյա գործածությամբ ապացուցվեն: Գաղտնիք չէ, որ մեր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության կարևորագույն առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որն այսօր, վստահաբար, բացարձակ առաջնահերթություն է:

Համերաշխության ու հանդուրժողականության բացակայությունն անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել, ինչը բացառելու ուղղությամբ անելիք ունենք բոլորս:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ կարևորագույն պետական այս տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն մեր երկրի սահմաններին, լավատեսություն և բարեկեցություն մեր ժողովրդին:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…», - նշված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր