211652_close_icon
views-count3677 դիտում article-date 20:03 06-07-2022

Թշնամին Սև լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ և 13 քկմ տարածք․ hetq.am

2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին ոչ միայն Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսի տարածաշրջան, այլև ՀՀ սուվերեն տարածք մտան Սյունիքի մարզի Սև լճի հատվածում՝ խորանալով մինչև 3 կմ․ գրում է hetq.am-ը։

Գեղարքունիքում թշնամու օկուպացրած առնվազն 3200 հա (32 քկմ) տարածքի մասին գրել ենք: Նկատենք, սակայն, որ հաշվի առնելով ամերիկյան «Google» ընկերության քարտեզի թարմացումները՝ այդ թվի մեջ չենք ներառել Վարդենիսի Կութ գյուղի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացումը, որն առայժմ «Google»-ի քարտեզում չի երևում:

Այս անգամ կանդրադառնանք Սև լճի հատվածում թշնամու օկուպացիային, որն ընդգրկում է Իշխանատափ, Գլուխ Ձագեձորի և Փոքր Իշխանասար գագաթների միջև ընկած տարածքը, ներառյալ՝ Սև լիճն ու դրա հարևան Ջիլի լիճը:
 
Մայիսի 12-ին ադրբեջանցիներն ապօրինաբար առաջացել ու զբաղեցրել են երկու լճերին հարակից բարձունքները ՀՀ սուվերեն տարածքում՝ հսկողություն սահմանելով ոչ միայն դրանց և ավելի ցածրադիր տարածքների հանդեպ, այլև տեսադաշտ բացելով դեպի Գորիս: Ըստ խորհրդային քարտեզների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն անցնում է Սև լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, համաձայն «Google»-ի քարտեզի, 1,7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0,3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը, այնինչ այսօր ամբողջ լիճը հայտնվել է թշնամու վերահսկողության ու դիտարկման տակ:

Հայկական կողմի հասանելիությունը Սև լճին հարաբերական է

Նկատենք, որ հայկական կողմն, այդուհանդերձ, հարավ-արևմուտքից հասանելիություն ունի լճին: Ընթերցողները գուցե կհիշեն, որ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի քանի պաշտոնյաների հետ այցելել էր Սև լիճ ու 2021-ի մայիսի 15-ին լուսանկարներ հրապարակել հենց այդ՝ հարավարևմտյան ափից: ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ և իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցներ այդ օրերին պարբերաբար պնդում էին, որ լճի հանդեպ հայկական ուժերն ունեն վերահսկողություն, սակայն իրականությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա այլ է:

Եթե Փոքր Իշխանասարը բաժանարար կետ է պատերազմի մեջ գտնվող երկու երկրների միջեւ, ապա Գլուխ Ձագեձորի լեռը գտնվում է սահմանից 2,5 կմ խորության վրա՝ ՀՀ տարածքում: Եվ այսօր ադրբեջանցիները այս երկու լեռնագագաթներին տեղադրած իրենց մարտական հենակետերից վերահսկում են դրանց միջակայքում գտնվող ամբողջ ցածրադիր գոտին՝ լճի հարավարեւմտյան ափ տանող ճանապարհը եւ ափի մոտ գտնվող հայկական դիրքերը: Նշված երկու գագաթների միջեւ հեռավորությունն ուղիղ գծով 4,1 կմ է, ինչը նշանակում է, որ երկու կողմից թշնամին կարող է տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակի տակ պահել իր հենակետերի միջակայքը:

1280 հեկտար տարածք
Սեւ լճի հատվածում, ըստ «Google»-ի քարտեզի, որի արբանյակային պատկերները վերցված են եվրոպական «Airbus» եւ ամերիկյան «Maxar Technologies» ընկերությունների արբանյակներից, վերջին պատկերներն արվել են 2021-ի սեպտեմբերին՝ ներխուժումից 4 ամիս անց, երբ արդեն տեսանելի են հակամարտ զորքերի դիրքերը: Բայց քանի այդ քարտեզը թարմացվում է ըստ առանձին սեգմենտների, դրանում 2021-ի մայիսյան ներխուժումից հետո երեւում են ադրբեջանական ոչ բոլոր մարտական հենակետերը։ Բացը լրացնելու համար «Google»-ի քարտեզը համադրել ենք եվրոպական «Sentinel-2A» արբանյակի ամենավերջին (2022 թ․ հունիս-հուլիսին արված) լուսանկարների հետ՝ հասկանալու համար, թե ինչ տարածք է ներառում թշնամու օկուպացիան:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր