211652_close_icon
views-count1826 դիտում article-date 11:06 30-07-2022

Ադրբեջանը բացահայտորեն շարունակում է հայատյացության եւ ագրեսիվության քաղաքականությունը․ Արտակ Բեգլարյան

Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական եւ բոլոր կողմերի համար արժանի երկխոսության եւ խաղաղության, ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել, հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ մեկնաբանելով Արցախի Թաղավարդ եւ Կարմիր Շուկա գյուղերի վերջին գնդակոծությունները:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ դրսեւորվել է ատելության, ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, դիտավորյալ կյանքից զրկելու հանցավոր վարքագծի մեջ, եւ ոչ մի հիմք չկա նույնիսկ ենթադրելու, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կարող է փոխել այդ ռազմավարությունը»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում:

Բեգլարյանն ընդգծել է, որ Թաղավարդ եւ Կարմիր Շուկա գյուղերի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակված գնդակները եւ վերջին օրերի հրադադարի ռեժիմի այլ խախտումները դրա հերթական ապացույցն են: Նրա խոսքով, որքան էլ ադրբեջանական իշխանությունները խաղաղ ու քաղաքավարություն խաղան, միեւնույն է, նրանք բացահայտորեն շարունակում են հայատյացության եւ ագրեսիվության քաղաքականությունը՝ Արցախից հայերին վտարելու եւ հայոց պետականությունը եւ բոլոր հայերին նվաստացնելու նպատակով:

«Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական եւ բոլոր կողմերի համար արժանի երկխոսության եւ խաղաղության, հակամարտությունը չի կարող կարգավորվել եւ տարածաշրջանում չի կարող լինել երկարաժամկետ կայունություն։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն այլընտրանք չունեն, քանի որ մենք մեր ճակատագրի տերն ենք մեր հայրենիքում, եւ դա աշխարհում նոր ցեղասպանությունը կանխելու միակ միջոցն է»,- հայտարարել է Արցախի պետնախարարը:

Նմանատիպ նյութեր