211652_close_icon
views-count1491 դիտում article-date 10:19 31-08-2022

30 տարվա նախագծի վերջը․ կարևորը՝ հույս կա, որ լավ ենք ապրելու․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1991 թվականին հայաստանցիների մեծամասնությունը թեեւ չէր պատկերացնում, թե ինչ զրկանքներ եւ դժվարություններ է բերելու անկախությունը, բայց նախորդ երեքուկես տարիների պայքարը մադկանց մեծամասնությանը համոզել էր, որ պետք է հանուն Արցախի կռիվ տալ: Պատճառը պարզ է. 1988 թվականին «Ղարաբաղ» կոմիտեն (լուսանկարում) պատումներ չուներ Հայաստանի անկախության մասին, բայց հզոր եւ համոզիչ քարոզչություն էր տանում՝ հանուն Ղարաբաղի ազատագրման, հանուն այդ հողը հայկական պահելու: Դա նշանակում է, որ հասարակությունը պատրաստ էր պատերազմի, բայց պատրաստ չէր պետություն կառուցելու: Ահա թե ինչու մենք պատերազմում հաղթեցինք, բայց նորմալ պետություն չկառուցեցինք:

Ինչ եղավ 1994 թվականից հետո. շատ բնական է, որ բացասական ներուժ ունեցող դրսեւորումը (թույլ պետությունը) իր հետեւից քարշ տվեց դրականը (պատերազմում հաղթանակը): Դա օրինաչափ էր, որովհետեւ միայն ուժեղ պետության զգացմունքն ունեցող պետության քաղաքացին կարող էր գնահատել ռազմական հաղթականը եւ հայկական հողերի ազատագրումը: Եվ հակառակը՝ նման զգացողությունից զուրկ մարդիկ այդ հաղթանակն ընկալում են որպես «ցրտի-մթի» տարիներ, եւ այդ առումով 1998 թվականից հետո ծավալված քոչարյանական քարոզչությունն ընկավ պարարտ հողի վրա: 26 տարվա զարգացումը բերեց նրան, որ 2020-ին հասարակությունը պատրաստ չեղավ պատերազմ վարելու:

Որո՞նք էին այն հիմնական գաղափարախոսական թեզերը, որոնք քարոզվում էին 1994 թվականից հետո: Դրանք ո՛չ Դաշնակցության 19-րդ դարի ազգային-ազատագրական պայքարի, ոչ նժդեհականության, ոչ էլ «ազգային պահպանողականության» գաղափարներն էին, թեեւ դրանց մասին բարձր ամբիոններից շատ էր խոսվում: Իրականում դա «պարզապես լավ ապրելու» գաղափարախոսությունն է: «Պարզապես լավ ապրել»՝ խորապես անտարբեր լինելով այն ամենի նկատմամբ, ինչը կենցաղային պահանջմունքներից բարձր է: Իհարկե, պետական եւ քաղաքական վերնախավն իր սեփական օրինակով յուրովի քարոզում էր նման մոտեցումները: Այդ գաղափարները վերջնականապես արձանագրվեցին 2018 թվականից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ «իզմերի» ժամանակաշրջանն այլեւս անցյալում է:

2020 թվականից հետո դա զարգացավ որպես իշխանության կողմից պարտության քարոզ, ըստ որի «ոչ մի սարսափելի բան չի եղել եւ չի լինելու, եթե անգամ կորցնենք մեր ազգային ինքնությունը եւ դառնանք այլ պետության մաս, դա էլ ոչինչ, կարեւորը՝ հույս կա, որ լավ ենք ապրելու: Կարեւոր է նաեւ, որ վրեժ լուծենք նրանցից, ովքեր խանգարում էին մեզ լավ ապրել»: Հայաստանյան հասարակության պահանջմունքների, այսպես ասած, նշաձողի իջեցումն, ըստ էության, նշանակում է, որ պետության այն ձեւը, որը ենթադրվում էր կառուցել 1991 թվականին, ոչ միայն չի կառուցվել, այլեւ խիստ հակասության մեջ է քաղաքացիների մեծամասնության իրական իղձերի հետ:

Դա պետության վերջը չէ: Դա վերջն է պետության 1991 թվականի նախագծի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր