211652_close_icon
views-count850 դիտում article-date 20:30 07-09-2022

Կայացել է ՀՀ-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակների փոխանակման արարողությունը

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Հանդիպման սկզբում նախարարի տեղակալը և դեսպանը փոխանակեցին Հայաստանի և Ճապոնիայի վարչապետերի, ինչպես նաև ԱԳ նախարարների շնորհավորական նամակները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարեդարձի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել զարգացնելու տեսանկյունից։ Երկուստեք կարևորվեց հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, համագործակցության ակտիվացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում:

Վահե Գևորգյանը բարձր գնահատեց Ճապոնիայի կողմից ՀՀ անկախացումից ի վեր իրականացված բազմաթիվ ծրագրերը՝ ուղղված Հայաստանի կարողությունների զարգացմանը: Իր հերթին դեսպան Ֆուկուշիման շեշտեց, որ Ճապոնիան դիտարկում է Հայաստանը որպես կարևոր գործընկեր՝ ազատ և բաց աշխարհի կայացման տեսանկյունից:

Կողմերն անդրադարձ կատարեցին նաև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի և փոխգործակցության ակտիվացմանը՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա պատմությունը նոր խթան կհաղորդի համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին:

 ՀՀ ԱԳՆ
 

Նմանատիպ նյութեր