211652_close_icon
views-count2041 դիտում article-date 13:16 18-01-2022

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին՝ հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ձեզ եմ հղում ջերմագույն շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ: 1992 թվականին ստորագրված Արձանագրությունը պաշտոնապես ամրագրեց մեր երկու ժողովուրդների միջև դարեր շարունակ ձևավորված պատմական և մշակութային առնչությունները:

Երեք տասնամյակների ընթացքում մեր երկկողմ միջպետական հարաբերությունները նշանավորվել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության շարունակական զարգացմամբ։ Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գործընկերություն միջազգային կազմակերպություններում, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական համագործակցություն, ինչպես նաև ակտիվ փոխգործակցություն կրթության, մշակույթի և առևտրատնտեսական ոլորտներում:

Համոզված եմ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իր հերթին լավագույնս կնպաստի մեր երկկողմ համագործակցության լայն շրջանակն էլ ավելի ամրապնդելուն և խորացնելուն:

Կրկին շնորհավորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առթիվ՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր