211652_close_icon
views-count13658 դիտում article-date 09:28 14-09-2022

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Բաքվի և Երևանի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության հնարավորինս արագ կարգավորմանը»,- ասել է նա։

Գոնչարը մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու փորձեր իրականացնելու մեջ՝ ընդգծելով, որ ԵՄ-ն ակնհայտորեն փորձում է միջամտել ՌԴ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքներին։ «Ուշագրավ է, որ Հարավային Կովկասի հարցով Բրյուսելի ակտիվացումը տեղի ունեցավ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների և ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համատեղ աշխատանքների դադարեցման ֆոնին»,- հայտարարել է Դենիս Գոնչարը։

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Նմանատիպ նյութեր