211652_close_icon
views-count3447 դիտում article-date 19:20 14-09-2022

Բաքուն տեղեկացրել է Կարմիր Խաչին՝ հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության մասին. Զառա Ամատունի

Բաքվի իշխանությունները տեղեկացրել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակողմանիորեն հայկական կողմին հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության մասին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։

Թե քանի զոհված զինծառայողների մարմինների մասին է խոսքը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից չմանրամասնեցին։

«Գործընթացի շարունակությունը կախված է կողմերի իշխանությունների պայմանավորվածությունից, որը կարող է միջնորդի միջոցով ձեռք բերվել կամ այլ ձեւաչափով։ Մենք պատրաստակամ ենք հանդես գալ որպես մարդասիրական միջնորդ, բայց դրա համար կողմերի համաձայնությունն է պետք։ Այսինքն՝ իրենք դրա մասին կարող են տեղեկացնել, բայց այդ գործողությունը կատարել ուղղակիորեն՝ առանց միջնորդի։

Մեր կազմակերպությունը՝ Երեւանի եւ Բաքվի պատվիրակություններով հանդերձ պատրաստակամ է ընդգրկվել եւ աջակցել նմանատիպ մարդասիրական գործողության։ Այս եւ այլ մարդասիրական հարցերով մենք Հայաստանի իշխանությունների հետ երկխոսության մեջ ենք»,– ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավարը։

Նշենք, որ Ադրբեջանի պետական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել սեպտեմբերի 13-ից սկսած մարտերի ընթացքում զոհված Հայաստանի զինված ուժերի զինծառայողների մինչեւ 100 դի։

Նմանատիպ նյութեր