211652_close_icon
views-count19909 դիտում article-date 21:12 15-09-2022

Ջերմուկի ուղղությամբ ԱԹՍ–ի հարվածից զոհվել է Արցախյան երկու պատերազմների մասնակից Սուսաննա Մարգարյանը

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը։

Սուսաննա Մարգարյանը ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ օրն իր մարտական ընկերների հետ որպես կամավորական մեկնել է ռազմական գործողությունների գոտի։ Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի ուղղությամբ, երեկ՝ սեպտեմբերի 13–ի լույս 14–ի գիշերը։

«Կամավորական մեծ ստորաբաժանում էին ստեղծել եւ ադրբեջանական ագրեսիայի սկսվելուց ժամեր անց մեկնել առաջնագիծ։ Սուսաննա Մարգարյանը եւ նրա մյուս մարտական ընկերները հաջողությամբ կատարել են մարտական գործողություններ, պաշտպանել բարձունքը, հակառակորդը մնացել էր ԱԹՍ–ի հույսին, եւ հենց «Բայրաքթարի» հարվածից էլ զոհվել են  Սուսաննան եւ մի քանի այլ կամավորականներ»,– պատմեց Ռազմիկ Պետրոսյանը։

Սուսաննա Մարգարյանը մասնակցել է նաեւ արցախյան առաջին պատերազմին, քառօրյա եւ 44–օրյա պատերազմներին։

«Սուսաննան որպես զինվոր կարող էր հազարավոր տղամարդկանց օրինակ ծառայել։ Ինքը նաեւ ոգեւորում էր իր ներկայությամբ։ Բանակում էդ տեսակի կանայք տղամարդկանց պարտավորեցնում են հերոսի նման շարժվել։ Սահմանին իր ներկայությունը արդարացված էր, որովհետեւ ինքը պահանջված զինվոր էր։ Իր ֆիզիկական բացակայությունը դաժան հետք է թողնելու, բայց մենք պատվով ենք պահելու նրա հիշատակը։ Մեր ազգը Սուսաննայի նման հայրենասերների կարիք շատ ունի»,– ասաց Ռազմիկ Պետրոսյանը։

Նմանատիպ նյութեր