211652_close_icon
views-count1404 դիտում article-date 21:25 14-10-2022

Գյումրիի համայնքապետարանում ստորագրվել է «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միանալու փաստաթուղթ

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի։ Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա խոսել էներգաարդյունավետության ոլորտում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գյումրիում իրականացված աշխատանքների, «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ Դաշինք) ծրագրի ընթացքի, «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ՎԶԵԲ ծրագրի Գ տրանշի վերաբաշխման և դրանց աշխատանքներին առնչվող բազմաթիվ հարցերի մասին։

 

Քրիստոֆ Ֆրերինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա անդրադարձ կատարել «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» ծրագրի բաղադրիչների, դրանց իրականացման ընթացքին առնչվող հարցերին։ Քրիստոֆ Ֆրերինգիի ընդգծմամբ՝ իր առաքելության հիմնական գործառույթը ծրագրի ղեկավարության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ուղիղ երկխոսության ապահովումն է՝ նպատակ ունենալով տեղեկացնել հիմնական շահառուներին ծրագրի գործունեության մասին, վերահաստատել ԵՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի լիակատար աջակցությունն ու օգնությունը կանաչ և կայուն զարգացման ուղին ընտրած համայնքներին, ինչպես նաև՝ ծանոթանալ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում համայնքների կողմից իրականացվող ծրագրերի արդյունքներին:

Հանդիպման ընթացքում ստորագրվեց նաև «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միանալու մտադրության մասին փաստաթուղթը։

 

«Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը եվրոպական հիմնական կամավոր շարժում է, որը տեղական իշխանություններին ներգրավում է կայուն էներգետիկ և կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում: Մեկնարկից ի վեր (2008 թվական)՝ նախաձեռնությունն աստիճանաբար վերածվել է համաշխարհային համայնքային շարժման՝ տարածվելով նախ դեպի Եվրոպայի արևելյան, ապա հարավային հարևան երկրներ: Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը։

Նմանատիպ նյութեր