211652_close_icon
views-count882 դիտում article-date 10:54 20-10-2022

Կարևորը՝ «պրոլետարական բնազդն է»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այս օրերին տեղի են ունենում երկու զուգահեռ գործընթացներ, որոնք առաջին հայացքից իրար հետ կապ չունեն, բայց խորքային առումով երեւույթի տարբեր դրսեւորումներն են: Մայր Աթոռը եւ Անթիլիասը հրաժարվել են մասնակցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին: Դա ցավալի փաստ է՝ ես շատ կցանկանայի, որ մեր հոգեւորականները նման որոշում չընդունեին: Բայց պատճառն, իհարկե, եկեղեցու լարված հարաբերություններն են այսօրվա իշխանավորների հետ, որոնք, գուցե ինչ-որ «եվրոպական հովերով», պաշտոնները ստանձնելուց ի վեր, կոպիտ հարձակումներ նախաձեռնեցին Հայ առաքելական եկեղեցու դեմ: («Եվրոպականը», բնականաբար, վերցնում եմ չակերտների մեջ, քանի որ հայտնի է, թե ինչ կարեւոր դեր է խաղում եկեղեցին, օրինակ, Լեհաստանի կամ Իռլանդիայի նման երկրներում): Ի դեպ, այդ հարձակումները նաեւ ուղիղ ճանապարհ էին Սփյուռքի հետ հարաբերությունները փչացնելու՝ հաշվի առնելով այն նշանակությունը, որը մեր հայրենակիցներից շատերի համար ունեն ՀԱԵ կառույցները:

Երկրորդ գործընթացը բուհերի միաձուլումն է՝ բարձրագույն կրթությունը «բարեփոխելու» պատրվակով: Որ կրթական համակարգը բարեփոխման կարիք ունի՝ կասկածից վեր է: Բայց բուհերի փաստացի լուծարումը դրա հետ կապ չունի. եթե քանդում ես եղածը՝ իր բոլոր թերություններով եւ, ըստ էության, տեղը ոչինչ չես դնում, ապա վիճակն իրականում ավելի է վատթարանում: Իմ տպավորությամբ՝ պատճառը քաղաքական է (եթե Բրյուսովի շենքի օտարումը մի կողմ թողնենք): Պատկերացրեք, որ այդ բուհերի ղեկավար կազմի անդամներն ամեն օր ֆեյսբուքում ստատուսներ գրեին՝ պաշտպանելով ներկայիս իշխանությանը եւ անիծելով դրա ընդդիմախոսներին: Արդյոք «կրթությունը բարեփոխելու» սուր անհրաժեշտություն կառաջանա՞ր:

Գեներալները դավաճան են, դասախոսները կաշառակեր են, հոգեւորականները «նախկինների» ծառաներն են: Այս քարոզչությունը միայն առաջին հայացքից է անմեղ ու երկրորդական թվում: Դա իրականում տգիտության, նիհիլիզմի եւ համընդհանուր դեգրադացիայի քարոզ է: Չեն լինելու մասնագետները, ուսուցիչները, հոգեւոր ծառաները, ովքե՞ր են նրանց փոխարինելու: Նրանք, ովքեր «հավատարիմ են 2018 թվականի հեղափոխության գաղափարներին»: Մենք արդեն ունեցել ենք ժամանակաշրջաններ, երբ գիտելիքը փոխարինվել է «պրոլետարական բնազդով»: Կամ՝ այլ երկրներում՝ «ազգային բնազդով»: Դրա մասին կա Վլադիմիր Վիսոցկու երգը՝ թմբուկ խփող ոչխարների մասին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր