211652_close_icon
views-count1256 դիտում article-date 21:03 04-11-2022

Վենետիկի հանձնաժողովին է ներկայացվել դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին որոշումները բողոքարկելու նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հեռակապի միջոցով մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված քննարկմանը, որի ընթացքում Եվրոպայի խորհրդի գործընկերներին եւ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) զեկուցողներին ներկայացվել է վերջերս Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից։

Փաթեթով նախատեսվում է սահմանել իրավական հնարավորություն` բողոքարկելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, ինչը բխում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից եւ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հանձնարարականներից:

Փոխնախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախագծի հիմնական կարգավորումները, նշել է, որ դրանով նախատեսվում է իրավական հնարավորություն կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ դատավորի լիազորությունների դադարեցման վարույթները քննել Բարձրագույն դատական խորհրդի փոքր 4 անդամից բաղկացած կազմով, իսկ հետագայում դրանցով կայացված որոշումների բողոքարկման դեպքում որոշումները վերանայել մեծ 6 անդամից բաղկացած կազմի կողմից: Ընդ որում, յուրաքանչյուր նոր գործով այս կազմերը ձեւավորվելու են վիճակահանությամբ: Արփինե Սարգսյանը նշել է, որ այս մոդելն ընտրվել է` հաշվի առնելով գործող սահմանադրաիրավական կարգավորումները եւ նախագծի հեղինակների պատկերացմամբ, ըստ էության, արդյունավետ մոդել է, որը գործող սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակներում կերաշխավորի արդարադատության մատչելիությունը կարգապահական վարույթների տեսանկյունից:

Քննարկման երկրորդ հատվածում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները եւ Վենետիկի հանձնաժողովի զեկուցողները հարցեր են ուղղել հայկական կողմին` ստանալով պարզաբանումներ նախագծի կարգավորումների էության եւ դրանց նախատեսման նպատակների վերաբերյալ:

Քննարկումը կազմակերպվել է սույն թվականի դեկտեմբերին սպասվող` Վենետիկի հանձնաժողովի հերթական նիստին ընդառաջ, որի ընթացքում ակնկալվում է ստանալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքը քննարկված նախագծի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր