211652_close_icon
views-count1425 դիտում article-date 14:57 05-11-2022

Հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը

Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը: Հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։

Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։

Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը 30-ամյա բանակի անցած ճանապարհին։

Նախարարը վստահեցրել է, որ առաջիկայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները և պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնելու զինծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածությունը, ձեռք կբերվեն նոր, արդի պահանջներին համահունչ հետախուզական միջոցներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում առաջինը հենց հատուկ նշանակության զորքերի զինծառայողները կմասնակցեն ատեստավորման գործընթացին. արդյունքում շեշտակիորեն կբարձրանա նրանց աշխատավարձը։

Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։ Նախարարը հետմահու պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր