211652_close_icon
views-count2146 դիտում article-date 11:15 12-11-2022

Ո՞վ է ամենակոռումպացվածը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» կազմակերպությունը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, հարցում է անցկացրել հայաստանցիների շրջանում եւ պարզել, որ, ըստ մեր քաղաքացիների, Հայաստանի ամենակոռումպացված կառույցներն են դատարանները, ԶԼՄ-ները եւ եկեղեցին:

Որեւէ հիմք չունեմ այդ հարցման արդյունքներին չհավատալու: Հակառակը՝ համոզված եմ, որ հարցումը ճշգրտորեն արտացոլում է այսօր Հայաստանում տիրող հասարակական տրամադրությունները: Այլ հարց է, թե արդյո՞ք այդ տրամադրությունները ճշգրտորեն արտապատկերում են իրականությունը: Համաձայն չեմ այն լավատեսական պնդման հետ, թե իբր ժողովուրդը միշտ ճիշտ է: Ժողովուրդը (բնականաբար, ոչ միայն մերը, այլեւ՝ ցանկացած այլ ժողովուրդ) հաճախ մոլորության մեջ է լինում, հաճախ նաեւ դառնում է մանիպուլյացիայի կամ նպատակաուղղված քարոզչության զոհ:

Սկսենք դատարաններից: Ինչո՞ւ հատկապես դատարանները եւ ոչ թե, ասենք, ոստիկանությունը, քննչական, հարկային եւ մաքսային մարմինները կամ, ասենք, կադաստրը: Իհարկե, միշտ էլ եղել են եւ կան ենթարկվող կամ կոռումպացված դատավորներ, սակայն պարզ է, թե ինչու են հե՛նց դատարաններն ընկալվում որպես կոռումպացված կառույցներ. 2018 թվականից հետո իշխանության քարոզչության թիրախ են դարձել դատավորները, որոնց մեջ կային եւ դեռեւս մնացել են նրանք, ովքեր ոչ նախկինների, ոչ էլ ներկաների ժամանակ «զգաստ» չեն կանգնում եւ պատիվ չեն տալիս, երբ վերեւներից հրահանգներ են լսում: Քանի որ օրենսդրությունը դատավորներին, ի տարբերություն ոստիկանների եւ այլոց, որոշակի հնարավորություն է տալիս անկախ լինելու, հենց այդ պատճառով է, որ նրանք ցանկության դեպքում ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, կարող են որոշակի ինքնուրույնություն դրսեւորել: Թեեւ, կարծում եմ, որ ԲԴԽ-ն իր «վեթինգների» միջոցով մոտակա երկու-երեք տարում կուղղի այդ «թերությունը»:

Հայ առաքելական եկեղեցին նույնպես որպես «կոռուպցիայի որջ» չէր ընկալվի, եթե հաջողվեր իրականացնել «Նոր Հայաստան-նոր հայրապետ» օպերացիան, եւ կաթողիկոս նշանակվեր իշխանությանը հարմար մի թեկնածու, որն, օրինակ, կողջուներ Արցախի հանձնումը եւ հայաթափումը: Իսկ այս իրավիճակում, բնականաբար, քարոզչություն է տարվում, որ հոգեւորականներն ամենամեծ կաշառակերներն են: Չնայած՝ դժվար եմ պատկերացնում, թե քահանան ինչ լծակ կամ իշխանություն ունի՝ պարգեւավճար բաժանելու կամ որեւէ հարց լուծելու համար, օրինակ, նպաստել, որ իր բարեկամը շահի պետական խոշոր տենդերները: 

Վերջապես՝ լրատվամիջոցները: Դրանց մի մասը Հայաստանում այսպես թե այնպես արտահայտում է ընդդիմության տեսակետը եւ դրա դեմ պայքարելու լավագույն ձեւն է հայտարարելը, որ դրանք աշխատում են «ժողովրդից երեսուն տարի թալանած փողերով»: Այդ է պատճառը, որ ոչ իշխանական տեսակետ արտահայտող գրեթե բոլոր հրապարակումների տակ «բոթերը», «թրոլները», «ֆեյքերը», ինչպես նաեւ՝ իրական մարդիկ, մեկնաբանություն են գրում. Duk lragroxnert bolort caxvac ek u angraget!!!

Եթե առաջին երկու կառույցները տեսականորեն հնարավոր է ամբողջությամբ ձեռնասուն դարձնել, ապա, ժամանակակից պայմաններում, երրորդն այդպիսին չի կարող դառնալ: Համենայնդեպս՝ ես այդպիսի հույս ունեմ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր