211652_close_icon
views-count1304 դիտում article-date 19:08 17-11-2022

Հայաստանում տնտեսական գործունեության որևէ արգելք չկա. Փաշինյանն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ինչպես նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը հույս է հայտնել, որ այսօրվա քննարկման արդյունքում գործարարների ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ավելի գործնական կդառնա:

«Տեղյակ եք երևի, որ, բարեբախտաբար, այս տարի Հայաստանում աննախադեպ բարձր տնտեսական արդյունքներ են արձանագրվել, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չունենք: Մեր տնտեսական բնույթի խնդիրներից կարևորագույնն այն է, ինչ մասին մենք մի քանի անգամ խոսել ենք: Այսօր, ցավոք, կապիտալ ծախսերի մեր ծրագրերը չենք կարողանում լիարժեք իրականացնել մի պարզ պատճառով՝ Հայաստանում մասնավոր հատվածի կարողություններն այնքան զարգացած չեն, որպեսզի նրանք կարողանան, այսպես ասած, իրացնել այն ամբողջ պոտենցիալը, որ մենք առաջարկում ենք: Խոսքը ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, պետական նշանակության այլ օբյեկտների կառուցման մասին է, և ես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա:

Հաջորդը. կարծում եմ, որ, իհարկե, շատ բարդ աշխարհաքաղաքական և միջազգային վիճակում ենք գտնվում, ամբողջ աշխարհը, և ինչպես տեսնում ենք, այդտեղ ունենք սպառնալիքներ, մարտահրավերներ, բայց մյուս կողմից նաև ունենք հնարավորություններ, այդ թվում՝ ներդրումային: Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա: Իսկ թե որ ուղղություններն են ավելի հեռանկարային և հետաքրքիր ձեզ համար, թերևս դուք ավելի լավ կարող եք որոշել:

Միայն մի արձանագրում կարող եմ անել, ինչի մասին թերևս լսել եք, որ Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու ամիս առաջ հրապարակված Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում, ինչը նշանակում է, որ աշխարհի 165 երկրի շարքում ներդրումային և տնտեսական գործունեության ազատության առումով Հայաստանը 11-րդ հորիզոնականում է: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության որևէ արգելք և սահմանափակում չկա, սա նշանակում է, որ որևէ մեկին արգելված չէ որևէ բան արտահանել կամ ներմուծել, և իհարկե, արգելքները կամ սահմանափակումները վերաբերում են միայն նրան, ինչ վերաբերում է բոլորին:

Նկատի ունեմ օրենսդրական որոշակի կարգավորումներ և այդպես շարունակ: Իհարկե. Հայաստանի պարագայում կան նաև լոգիստիկ որոշակի բարդություններ, բայց դժվարությունների հետ առերեսվում են բոլորը, և այստեղ այլընտրանքային մոտեցում ընդհանրապես չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարության ներքո գործում է Ներդրումների աջակցման կենտրոնը, որի հիմնական խնդիրն է Հայաստանում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող գործարարներին, տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերել:

«Եվ մենք պատրաստ ենք լսել նաև ձեր կարծիքները, տպավորությունները, գուցե նաև ինչ-որ խոչընդոտների կամ դժվարությունների մասին, որոնց առերեսվել եք Հայաստանում: Հետաքրքիր կլինի, իհարկե, իմանալ այդպիսի դեպքերի մասին, և բոլոր այն դեպքերում, երբ կտեսնենք, որ լուծումներ հնարավոր են՝ լուծումներ կտանք: Կարող են լինել նաև օբյեկտիվ դժվարություններ, որոնց լուծումն իրատեսական չէ, բայց ամեն դեպքում ամբողջական տեղեկատվություն ունենալը մեզ համար շատ կարևոր է հետագա գործունեության մեջ հաշվի առնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը և հանդիպմանը մասնակից Կառավարության մյուս անդամները պատասխանել են գործարարներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և այլն:

Վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է՝ գործարարների հետ լինել մշտական կապի մեջ և Կառավարության գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:

Նմանատիպ նյութեր