211652_close_icon
views-count637 դիտում article-date 21:15 18-11-2022

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի եւ արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով, Հայրենիքի շքանշանով է պարգեւատրվել Հագոպ (Հրայր) Սահակի Հովագուիմիանը:

Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգեւները:

Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին, մաղթել հաջողություններ:

«Պարգեւատրվածների շարքում կան շատ զինվորականներ, ովքեր հիմա մեր սահմանն են պաշտպանում եւ այդ իսկ պատճառով այսօր չեն կարողացել գալ այստեղ: Շատ կցանկանայի, որ իրենք այստեղ լինեին եւ մենք տեսնեինք ու ճանաչեինք մեր հերոսներին, սակայն նրանք շարունակում են իրենց հերոսական գործը: Շնորհակալություն բոլորին, ովքեր արժանացել են այդ պարգեւներին, շնորհակալություն զինվորներին, ովքեր այսօրվա մեր խաղաղ կյանքն են ապահովում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ տարբեր բնագավառներում կան շատ մարդիկ, որոնք արժանի են պետության կողմից առանձնահատուկ ուշադրության: «Պետությունն ունի որոշակի պարտականություններ, որոնք պետք է կատարի եւ այդ պարտականություններից մեկն է՝ արժանի քաղաքացիներին պարգեւատրել, առանձնահատուկ ներկայացնել հանրությանը, ինչը կարող է հանրության մեջ ոգեւորություն առաջացնել:

Առանձնահատուկ ուզում եմ պարոն Հրայր Հովագուիմիանի մասին խոսել: Համոզված եմ որ այստեղ հավաքվածներից շատերը գիտեն, թե նա ով է եւ ինչպիսի վաստակ ունի: 1993 թվականից ճանաչում եմ նրան: Նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պարգեւի՝ Ազգային հերոսի կոչման, եւ ուզում եմ կրկին բոլորիս կողմից շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որ նա 1993 թվականից անշահախնդիր կերպով կատարել է: Պարոն Հովագուիմիան հաջողություններ եմ մաղթում Ձեզ: Ձեր գիտելիքներն ու փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու պրակտիկան շարունակեք,- ասել է նախագահը: Այնպես ստացվեց, որ բազմաբովանդակ պարգեւատրումներ եւ կոչումների շնորհում ունենք այսօր: Բոլորիդ մեկ բան է միավորում: Դուք բոլորդ ձեր գործում ձեր մասնագիտական կարողությունները, գիտելիքներն օգտագործում եք բարձր մակարդակով եւ պետության կողմից արժանացել եք այս բարձր պարգեւներին եւ կոչումներին: Սա միավորում է ձեզ բոլորիդ եւ օրինակ է բոլորիս համար:

Մենք որպես պետություն այս կերպ ենք փորձում արժանին մատուցել ձեզ: Դուք ավելիին եք արժանի, հավատացեք: Դուք բոլորդ ձեր գործով մեզ ոգեւորում եք:

Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ: Խնդիրները փորձում ենք լուծել բոլորս միասին, ամեն մեկս մեր տեղում աշխատելով, պաշտպանության նախարարությունը իր տեղում, Սունդուկյանի թատրոնը՝ իր տեղում, սրտաբանական ինստիտուտը՝ իր տեղում: Ամեն մեկն իր գործն է անում եւ սրանով ենք մենք ուժեղ լինելու: Մենք միասնաբար պետք է լուծենք խնդիրը, որը կոչվում է ինքնիշխանության պահպանում եւ արժանապատիվ կյանք:

Ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհավորել բոլորին, մաղթել հաջողություններ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր