211652_close_icon
views-count1264 դիտում article-date 22:19 19-12-2022

Վարչապետին ներկայացվել է ԱԻ նախարարության 2022 թվականի գործունեության կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱԻՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և փոխնախարարները ներկայացրել են ըստ ոլորտների կատարված աշխատանքները:

Մինչ խորհրդակցությունը վարչապետը ծանոթացել է ԱԻՆ Փրկարար ծառայության տեխնիկական միջոցներին և դրանց հնարավորություններին:

Քննարկման շրջանակում զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայում իրականացվել է ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստում, հրշեջ փրկարարների վերապատրաստում: Ընթացիկ տարվա ընթացքում ակադեմիա է ընդունվել 454 ուսանող` նախորդ տարվա 252-ի փոխարեն: Ակադեմիայում ձևավորվել է IT լաբորատորիա:

Նշվել է, որ ակադեմիայի նպատակն է` բնակչության մոտ անվտանգության մշակույթի ձևավորումը, արտերկրի առաջատար ուսումնական հաստատությունների հետ ծրագրերի և փորձի փոխանակումը:

Հաջորդիվ ներկայացվել են սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները, որոնց շրջանակում իրականացվել են քարտեզների թվայնացում, սեյսմիկ ռիսկի հաշվարկ, արդիականացվել են Կարբիում և Արուճում գործող GPS կայանները: Հաշվետու ժամանակահատվածում տարհանման վարժանքներին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ:

Անդրադառնալով Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գործունեությանը` պատասխանատուներն անդրադարձել են տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում իրականացված փորձաքննություններին: Նշվել է նաև, որ ընթացիկ տարում իրականացվել է ավելի քան 400 վերելակի շահագործման փորձաքննություն:

Տեղեկացվել է, որ մշակվել է Հրագործական արտադրատեսակների պահեստների շահագործման տեխնիկական կանոնների մասին օրենսդրական նախագիծը, որի նպատակն է՝ հրագործական նյութերի ոլորտի կարգավորումը, արտադրական վտանգավոր օբյեկտների համապատասխանեցումն անվտանգության պահանջներին:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակում աշխատանքներն ուղղված են եղել արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, բնակչությանն անհապաղ օգնության ցուցաբերումը: Կենտրոնի միջոցով այս տարվա ընթացքում վերապատրաստվել է 226 փրկարար: Առաջիկայում վերապատրաստում է անցնելու ևս 200 փրկարար:

Շտապ բուժօգնության ծառայության 103, Ոստիկանության 102, և ԱԻՆ 911 ծառայությունների համար ստեղծվել է զանգերի միասնական կենտրոն, որը վերոնշյալ ծառայություններին թույլ է տալիս անհրաժեշտ տեղեկատվությունը գործընկերներին փոխանցել կոճակի մեկ հպումով: Մեկ միասնական հեռախոսահամարը կներդրվի առաջիկայում:

Այնուհետև ներկայացվել է Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը: Նշվել է, որ ռազմավարության նպատակներն են` արտակարգ իրավիճաների կանխումը, աղետների ռիսկի նվազեցումն ու կառավարումը, աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումների ներգրավումը, արդյունավետ արձագանքման և հետաղետային վերականգնման ուղղությամբ կարողությունների զարգացումը:

Ռազմավարությամբ սահմանված են 21 նպատակ և 35 միջոցառում, որոնց ֆինանսավորման աղբյուրները և կանխատեսվող չափերը հստակեցված են:

Ռազմավարությամբ ակնկալվում է իրականացնել բնակչության պաշտպանության պլանավորում, բնակչության վաղ ազդարարման կենտրոնացված համակարգի, մշտադիտարկման համակարգի ներդրում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում` միջազգային փորձի հիման վրա:

Ակնկալվում է, որ ռազմավարությունը կընդունվի հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

Զեկուցվել է նաև, որ ընթացիկ տարվա ընթացքում հանրապետությունում վերագործակվել և տեղադրվել են 1053 շչակներ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցության ուղղությամբ նախանշված հիմնական առաջնահերթություններին: Տեղեկացվել է, որ 2022 թվականին իրականացվել են 13 միջազգային ծրագրեր: Աշխատանքներն ուղղված են եղել նաև ապաստարանների կառուցմանն ու կահավորմանը:

Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետն անդրադարձել է ապաստարանների` միջազգային ստանդարտներին համապատասխանելիության պահպանմանը, Փրկարար ծառայության գործունեության մակարդակի բարձրացմանը: «Մեր խնդիրը պետք է լինի Փրկարար ծառայության ստանդարտը փոխելը, կամավոր ատեստավորման ինստիտուտը պետք է մտնի նաև այս համակարգ: Մենք պետք է ժամանակակից ամենաբարձր ստանդարտների Փրկարար ծառայություն ունենալու խնդիր դնենք, որը պետք է աշխատավարձի չափերով և սոցիալական երաշխիքներով ամրագրվի: Այստեղ պետք է լավագույն ժամանակակից չափանիշներով առաջնորդվենք և առաջիկայում կենտրոնանանք այդ տրամաբանության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հետաքրքրվել է Փրկարար ծառայության տեխնիկական կարիքների, ենթակառուցվածքների հագեցվածության վերաբերյալ և ընդգծել վերոնշյալ ծառայության զարգացման ռազմավարություն ու ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր