211652_close_icon
views-count6107 դիտում article-date 21:56 01-01-2023

Զոհվածների ընտանիքներում 2022–ին ծնված փոքրիկները. Sputnik Արմենիա

Sputnik Արմենիան գրում է. «44–օրյա պատերազմում զավակ կորցրած որոշ ընտանիքներում 2022–ին կրկին մանկան ճիչ լսվեց` կյանքի շունչ հաղորդելով վշտից խենթացող ծնողներին։ Մայրացած կանայք մյուսներին էլ հորդորում են հնարավորության դեպքում հետևել իրենց քայլին, քանի որ կյանքն այդկերպ սկսում է վերադառնալ…

2022–ին հազարավոր ընտանիքներում են երեխաներ ծնվել, սակայն մի քանի տասնյակ տներում նորածինները եկել են` մեղմելու հայրենիքի համար զինվոր կորցրած ծնողների վիշտը։ ՀՀ առողջապահության նախարարության վերջին տվյալներով` միայն անպտղության հաղթահարման ծրագրով 28 երեխա է ծնվել արցախյան 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում։ Sputnik Արմենիան ներկայացնում է այն ընտանիքներին, որոնց հարկի տակ այս տարի վիշտն ու ուրախությունն իրար է խառնվել։ Ի դեպ` այս տվյալները վերջնական չեն, քանի որ նյութում ներառվել են միայն համացանցում հասանելի դեպքերը։

Հունվար

Տարվա առաջին ավետիսը հունվարի 6-ին էր` Սուրբ ծննդի տոնին. այդ օրը լույս աշխարհ եկավ 44–օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը։ Ծնողները փոքրիկին անվանակոչեցին Էմանուել, որը, ըստ Աստվածաշնչի, նշանակում է «Աստված ձեզ հետ»։

Մանվել Մանուչարյանը ծնվել է 2001թ. Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: Զոհվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Հադրութում:

Փետրվար
Պատերազմում զոհված 19–ամյա Սամվել Մանասյանի մայրը` Սոնան, ավագ որդու կորստից հետո որոշեց կրկին մայրանալ։ Փետրվարի լույս աշխարհ եկավ Մանվելը։
Սամվել Մանասյանը ծնվել էր Երևան քաղաքում, սակայն ապրել և մեծացել էր Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Նա բանակ էր զորակոչվել 2019 թ. հուլիսին։ Ծառայում էր Մատաղիսում և պաշտպանում Թալիշի դիրքերը։ Զոհվել է հոկտեմբերի 17–ին ԱԹՍ–ի հարվածից։
Փետրվարին Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ եկավ Արցախում զոհված ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը:

Նշենք, որ 18–ամյա Արամ Բաղդասարյանն ավարտել էր Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցն ու ընդունվել Աբովյանի Էներգետիկայի պետական քոլեջ։ 2020 թվականի հուլիսի 9–ին քոլեջն ավարտելուց հետո մեկնել էր ծառայության։ Նա ընդամենը 3 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44–օրյա պատերազմը։ Արամը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 17–ին Մարտակերտում։
Դավթյանների ընտանիքում կյանքը փետրվարից հետո փոխվել է` պատերազմի զոհերից Գարիկ Դավթյանի եղբայրն է ծնվել այդ ամիս, անունը կրկին Գարիկ է։ Գոհար և Գևորգ Դավթյանները 44–օրյա պատերազմի ժամանակ կորցրել են միակ որդուն։ Չհամակերպվելով կորստի հետ՝ նրանք բարդ որոշում են կայացրել՝ դիմել փոխնակ մայրության։

Գարիկը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

Հադրութում է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Գարիկը հրամանատար էր, զոհվել է վիրավոր զինվորներին տարհանելիս։

Մարտ

Վահե Աբրոյանի հայրը` Կարեն Աբրոյանը, երազում տեսել է զոհված որդուն` Վահեին. տղան հորն ասել է` շուտով ընտանիքն իր վահանը կունենա։ Պարզվել է` Վահեի մայրը հղի է։ Մարտի 30-ին ծնվել է ընտանիքի վահանը, որի անունը եղբոր ցանկությամբ Վահան են դրել։ Վահեն 2020-ի ամռանն էր զորակոչվել։ 3 ամսվա զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Ծառայում էր Ֆիզուլիում։ ԱԹՍ-ի հարվածից զոհվեց հոկտեմբերի 28-ին Կարմիր Շուկայի մարտերում։

Ապրիլ
Ապրիլ Ապրիլին հայտնի դարձավ, որ «Բեգլարյան» ԲԿ–ում ծնվել է պատերազմում անհետ կորած Դանիել Թիզյանի քույրը։ Դանիելը 2001 թվականին է ծնվել։ 2020–ի հոկտեմբերի 18–ից ընտանիքը նրա մասին տեղեկություն չունի։ Հայտնի է միայն, որ հոկտեմբերի 19–ին եղել են Իշխանաձորում։ «Էրեբունի» ԲԿ–ի ծննդատանն ապրիլին լույս աշխարհ է եկել Կարեն Միրզոյանի եղբայրը: Ծնողները նրան նույնպես Կարեն են անվանակոչել, քանի որ, ինչպես մայրն է ասում` երազում Կարենը վստահեցրել էր, որ կրկին իր մոտ է գալու: Կարեն Միրզոյանը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 23-ին Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում: Զբաղվել է ըմբշամարտով, ընդունվել Ագրարային համալսարան, սակայն առաջին կուրսից նրան զորակոչել են բանակ։ Զոհվել է Շուշիում։

Ապրիլին լույս աշխարհ եկավ նաև գորիսեցի հերոս Լևոն Միրումյանի եղբայրը` Ալենը։ Լևոնը միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո անվճար ընդունվել էր Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժին։ 2020թ օգոստոսի 27-ին զորակոչվել էր բանակ, պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել Ջրականի (Ջաբրայիլ) պաշտպանությանը։ Իր 4 ընկերոջ հետ միասին զոհվել է հոկտեմբերի 2–ին խրամատում։

Մայիս

Մայիսին «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է Ժորա Անդրիասյանի եղբայրը: 9 ամիս առաջ Ժորան մորը երազում երևացել էր՝ ավետելով, որ եղբայր է ունենալու: Օրեր անց մայրն իմացել էր հղիության մասին։ Տղայի անունը Գոռ են դրել։ Ժորան ծնվել է 2002 թվականին։ 2020թ. հուլիսին զորակոչվել է բանակ, ծառայության անցել Հադրութում։ Թեժ մարտերի է մասնակցել Հադրութի, Ասկերանի և Մարտունու շրջաններում: Մի անգամ նույնիսկ հայտնվել է շրջափակման մեջ, բայց հաջողվել է դուրս գալ և շարունակել պայքարը թշնամու դեմ։ Զոհվել է նոյեմբերի 7-ին` Շուշիի համար մղվող մարտերում:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Նմանատիպ նյութեր