211652_close_icon
views-count929 դիտում article-date 17:42 04-01-2023

Նախատեսվում է Սեւանում ունենալ եւս 3 հանրային լողափ. Փաշինյանին ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերը

Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության մի շարք ծրագրերի ընթացքի վերաբերյալ, մասնավորապես Սեւանա լճի մակարդակի բարձրացման, ափամերձ հատվածի մաքրման աշխատանքների, հանրային լողափերի բարեկարգման ու կազմակերպման ուղղությամբ իրականացված քայլերի, ինչպես նաեւ սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի համակարգի, «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հետագա գործունեության, կողակ ձկնատեսակի վերականգնման ծրագրերի վերաբերյալ:

Նշվել է, որ հաշվետու տարում սիգի արդյունագործական որսի ծրագրի շրջանակում պետության հետ համագործակցող ձկնորսների թիվը հասել է 800-ի, 2022 թվականից արգելվում է սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ Նախատեսվում է այս տարի ամռանը ունենալ եւս 3 հանրային լողափ՝ համապատասխան կահավորմամբ եւ անվճար ծառայությունների ցանկով: Աշխատանք է տարվում կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման ուղղությամբ:

Զեկուցվել է, որ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում 2018-2022թթ. ջերմաարդիականացվել է շուրջ 140 շենք, որից 100-ը՝ բնակելի:

Ներկայացվել խորքային հորերի լուծարման եւ/կամ կոնսերվացման ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները, նշվել է, որ դրանց քանակը հստակեցվել է, այժմ ամփոփվում են աշխատանքների իրականացման եւ տեխնիկական վերահսկողության համար անցկացված մրցույթները:

Քննարկման առարկա են դարձել նաեւ բնության հուշարձանների հայտնաբերման ու սահմանման, ՊՈԱԿ-ների կառավարման ու գործունեության արդյունավետության բարձրացման, ընդերքօգտագործման թափոնների ռեկուլտիվացման, անտառտնկման ուղղությամբ կատարված միջոցառումները:

Նմանատիպ նյութեր