211652_close_icon
views-count878 դիտում article-date 19:09 08-01-2023

Հունվարի 9-ին հանրահավաք է նախատեսվում Արցախում՝ ԿԽՄԿ գրասենյակի դիմաց

Մենք իրավունք ունենք արժանապատիվ կյանքով ապրել, ուստի կոչ եմ անում հավաքվենք մայրիկներով ու երեխաներով Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի շենքի դիմաց՝ հումանիտար օգնություն տրամադրելու ու առհասարակ հումանիտար աղետը կանխելու նպատակով միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:

ԿԽՄԿ ֆունկցիաներից մեկը պատերազմից տուժածներին օգնելը նրանց կյանքի ու արժանապատվության պաշտպանությունն է: Այս պահին վտանգված է մեր կյանքն ու արժանապատվությունը:

Ֆեյսբուքյան գրառմամբ նման կոչով հանդես է եկել արցախաբնակ Արմինե Վարդանյանը, ում ընտանիքը արդեն մեկ ամիս է՝ կիսված է՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։

«Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես ենք և ինչ ենք պատրաստում անել։ Այսօր չեմ գրելու, թե ինչքան դիմացկուն ենք ու դեռ ինչքան պիտի դիմանանք:

Մեզ ընտելացրել են յուրաքանչյուր վիճակի՝ պատերազմը նորից չսկսվելու վախը ընդմիշտ թողելով մեր սրտերում:

Այսօր ուզում եմ խոսել, ստեղծված ծանր իրավիճակի մասին: Մեր ղեկավարությունը ճանապարհի ապաշրջափակման ժամանակացույցի վերաբերյալ որևէ ինֆո չունի, ավելին՝ բնակչությանը նախապատրաստում է երկարաժամկետ ճգնաժամի:

Լավ, միչև ե՞րբ: Խանութները դատարկ են, միայն քաղցրեղենի բաժնում կարելի է նկատել որոշակի ապրանքներ, էլ չեմ խոսում բանջարեղենի խանութների մասին, որոնք վաղուց փակվել են: Երեխաների սննդակարգի պարտադիր մաս են կազմում բանջարեղենն ու մրգերը, բայց ինչի մասին է խոսքը, տարրական կարտոֆիլը, գազարն ու սոխը շատերի տանը բացակայում են:

Ալյուրի, ձվի, ձեթի, շաքարավազի, պանրի ու մի քանի տեսակ հատիկեղենի համար ահռելի հերթեր են կուտակվում ու ռեսուրսների անհամաչափ բախշում է տեղի ունենում: Մարդիկ, որոնց զբաղվածությունը քիչ է, ի վիճակի են ժամերով հերթում կագնել կամ խանութի աշխատողը բարեկամ է, կարողանում են օգտվել, իսկ մնացածը մնում են դատարկաձեռն: Չկա որևէ վերահսկողություն, ապրանքների բաշխման որևէ մեխանիզմ:

Առկա է մանկական կաթնախառնուրդների, տակդիրների դեֆիցիտ. 5,6,7 չափսերը իսպառ բացակայում են, մնացած չափսերն էլ առավելագույնը 5 հատիկ են սկսել տրամադրել:

Դժվարությամբ են գտնվում խիստ անհրաժեշտ հակաբիոտիկներ ու այլ դեղորայքներ, որոշները իսպառ բացակայում են:

Էս կենցաղային խնդիրների մեջ մոռացվել է կիսված ընտանիքների թեման: Շուտով լրանում է շրջափակման մեկ ամիսը, այս ընթացքում, գոնե երեխաներին տեղափոխելու հարցը չլուծվեց:

Որոշում է կայացվել երկարաձգել ձմեռային արձակուրդները մանկապարտեզներում և նախապատրաստական խմբերում՝ սննդի դեֆիցիտի պատճառով, իբր տներում սնունդը բավարար է: Մյուս կողմից աշխատող ծնողները ևս մի խնդրի առաջ են կանգնում:

Ու քանի երեխա կա, որ պետք է ստանա իր պարտադիր դեղերի չափաբաժինը, ախտորոշումն ու բուժումները որոնք միայն ՀՀ ում են իրականցվում:

Քանի երեխա է այդպես էլ կարոտ մնացել իր ծնողներին:

Այս երեխաների համար այդպես էլ ամանօրյա հրաշք տեղի չունեցավ:

Անհայտ է Արցախում ապրող յուրաքանչյուր երեխայի ճակատագիր...

Միջազգային կառույցները մեր բողոքները այդպես էլ չլսեցին, երեխաների իրավունքների պաշտպանները այդպես էլ խուլ ու համր ձևացան: Չգիտեմ, գուցե՞ լավ չենք մեր ձայնը տեղ հասցրել...

Բայց մի բան հաստատ գիտեմ, չպետք է հանձնվենք: Պատերազմից հետո բոլոր վերադարձողներս գիտակցում էինք հնարավոր ռիսկերի մասին ու այնումենայնիվ ընտրել ենք այս ուղին:

Բայց մենք իրավունք ունենք արժանապատիվ կյանքով ապրել, ուստի կոչ եմ անում հավաքվենք մայրիկներով ու երեխաներով Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի շենքի դիմաց՝ հումանիտար օգնություն տրամադրելու ու առհասարակ հումանիտար աղետը կանխելու նպատակով միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: ԿԽՄԿ ֆունկցիաներից մեկը պատերազմից տուժածներին օգնելը նրանց կյանքի ու արժանապատվության պաշտպանությունն է: Այս պահին վտանգված է մեր կյանքն ու արժանապատվությունը:

Բոլոր նրանք, ովքեր մտածում են՝ միևույն է բան չի փոխվի, չի օգնի, խնդրում եմ շրջանցեն գրառումը: Ձեռքերը ծալած նստելուց հաստատ ավելի օգտակար կլինի:

Յուրաքանչյուրիդ ներկայությունը խիստ ցանկալի է»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր