211652_close_icon
views-count889 դիտում article-date 12:32 12-01-2023

Կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին, մարզիչներին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Կրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին եւ համարեց անհետաձգելի:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ այս նախագծով էական փոփոխություններ են նախատեսվում նաեւ արտադրոցական կրթության ոլորտում եւ համակարգում ներդնելու մասնագիտական բարձրացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ:

«ՀՀ-ում արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական  հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռս խորհրդային իշխանության տարիներին,  եւ այս պահին մենք հանրապետությունում ունենք երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը Երևանում, իսկ մնացած 190-ը՝ մարզերում: Այդտեղ սովորում է շուրջ 50 հազար երեխա: Բացի այդ, ունենք 174 սպորտային կազմակերպություն, որտեղ մարզվել է 42 հազարից ավելի երեխաներ: Այս հաստատություններում ուսուցումն իրականացվում է նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլաններով, որով սահմանվում են համապատասխան բովանդակային չափորոշիչները:

Երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդում է 5099 ուսուցիչ, սպորտային կազմակերպություններում իրենց աշխատանքն իրականացնում են 2100-ից մի փոքր ավելի մարզիչ-մանկավարժներ: Ոլորտում, ըստ էության, կարիք ունենք օրենսդրական զգալի փոփոխությունների, որոնք կկարգավորեն քաղաքականությունը մասնագիտական զարգացման ծրագրերի ֆինանսավորման և այլ տեսանկյուններից:

Բայց այս փուլում նպատակահարմար ենք գտել անդրադառնալ մի քանի հարցերի, մասնավորապես, այս փոփոխություններով նախատեսում ենք, որ  մանկավարժներն ու մարզիչները կկարողանան անցնել կամավոր ատեստավորում եւ հաջող արդյունք  ցքուցաբերելու դեպքում ստանալ հավելավճար»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ արտադպրոցական հաստատությունների գերակշիռ մասը համայնքային են, և այնտեղ վարձատրությունը խիստ տարբերվում է համայնքից համայնք, ուստի նախատեսվում է պետական քաղաքականության միջոցով ավելի համահարթ մոտեցման տանել վարձատրության տարբերությունները: Պլանավորվում է՝ հավելավճարները լինեն ֆիքսված գումարների միջոցով:

Նախարարը հայտնեց, որ օրենքի փոփոխությանը զուգահեռ՝ կիրականացվեն ատեստավորման կարգի և թեստավորման առաջադրանքների մշակման աշխատանքները:

«Հաշվի առնելով, որ գործընթացն իրականացվելու է առաջին անգամ, նախատեսում ենք, որ առաջին փուլով դիմելու հնարավորություն կունենան արվեստի և մարզաձևերի կոնկրետ ուղղությունների ներկայացուցիչները: Այս փոփոխությունների իրականացմամբ մարտին արդեն մանկավարժները և մարզիչները հնարավորություն կունենան դիմելու, ապրիլին կանցկացվի բուն ատեստավորումը, մայիսից սկսած հաջող արդյունք ցուցաբերած մասնակիցները կսկսեն ստանալ հավելավճարները, որոնք կհաշվարկվեն նաև ապրիլի համար»,- նշեց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քանի որ տարբեր համայնքներում աշխտավարձերըտարբեր են, իրենք որոշել են ֆիքսված հավելավճար տրամադրել, այդ թվում ատեստավորման արդյունքներից կախված. «Ենթադրենք ֆիքսված դրույքաչափ ենք սահմանում 100 հազար դրամ, ատեստավորման արդյունքում 60 տոկոս արդյունքի պարագայում հավելավճարը 60 հազար դրամ կլինի, 80 տոկոսի պարագայում 80 հազար դրամ, 100 տոկոսի պարագայում 100 հազար»:

Նմանատիպ նյութեր