211652_close_icon

Նամակներ եմ ստանում, ասում են՝ ուզում եմ ուսուցչի աշխատանքի ընդունվեմ, ծանոթ չունեմ, չեմ կարողանում. Փաշինյան

views-count1227 դիտում article-date 14:02 12-01-2023
Կան մարդիկ, որոնք դասախոս են եղել կամ հիմա էլ են աշխատում եւ հիմա դիմում են, որպեսզի ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրին մասնակցեն: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախկինում մենք այդպիսի մեխանիզմ չենք նախատեսել, ատեստավորման ծրագիրը բաց էինք պահում միայն գործող ուսուցիչների համար: Հիմա, օրինակ, դասախոսն ասում է՝ այս փոփոխությունից հետո ուսուցչական աշխատանքը ինձ սկսել է ավելի հետաքրքրել: Մենք հիմա հնարավորություն տալի՞ս ենք մարդկանց վերադառնալ հանրակրթության ոլորտ»,- ասաց նա՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին: վերջինս պատասխանեց, որ այս տարվա ընթացքում այդ հնարավորությունը կարող է բացվել:

Փաշինյանը նկատեց, որ դա կարող է վերաբերվել նաեւ նոր ավարտածներին. «Գուցե նոր ավարտածները ցանկանան սկզբում ատեստավորվել, հետո նոր ընդունվել աշխատանքի: Գուցե ատոստավորված լինելը լինի որոշիչ հանգամանք ուսուցչի տեղի համար մրցույթում:

Խոստովանեմ, ես նամակներ եմ ստանում, ասում են՝ որպես ուսուցիչ ուզում եմ ընդունվել աշխատանքի, բայց քանի որ ծանոթ չունեմ, չեմ կարողանում: Եթե այս չափանիշը նույնպես մտցնենք, կամավոր ատեստավորվել է, մրցույթի է մասնակցում, մյուս մասնակիցներն ատեստավորված չեն, մենք ակնհայտորեն պետք է ատեստավորվածին ընդունենք աշխատանքի: Դա շատ տրամաբանական է»,- ընդգծեց նա:

Նմանատիպ նյութեր