211652_close_icon
views-count1018 դիտում article-date 17:47 18-01-2023

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆիկ Եդոյանը

Գիտական հանրությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հայկոյի Եդոյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ռաֆիկ Եդոյանն անցել է վաստակաշատ գիտնականի և գիտակ մանկավարժի ազնիվ ճանապարհ։ Ավելի քան 50 տարի նա իր պատվավոր տեղն է ունեցել Վանաձորին դեմք ու դիմագիծ հաղորդած մտավորականների շարքում։ Եղել է Վանաձորի պետական համալսարանի հիմնադիրներից, Գավառ և Վանաձոր քաղաքների պատվավոր քաղաքացի։

Ռաֆիկ Եդոյանը միջազգային ճանաչում ունեցող գիտնական է: Անդամակցել է էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության միջազգային ակադեմիային և Նյու Յորքի գիտությունների ակադեմիային։ Կատարել է հետազոտական աշխատանքներ իմունային սելեկցիայի և գենետիկայի ոլորտներում: Ուշագրավ են ոչ ավանդական բույսերից գետնախնձորի, ինչպես նաև բույսերի էկոլոգիայի և բանջարային բույսերի ուսումնասիրությունները, կենսահումուսի ստացման տեխնոլոգիաների մշակումը, տեխնիկական մշակաբույսերի հարուստ հավաքածուի ստեղծումը: 2000 թվականին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Ռաֆիկ Եդոյանը շուրջ 200 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնցից 15-ը ԲՈՒՀ-ական դասագրքեր և ձեռնարկներ են: Գիտության և մանկավարժության բնագավառներում ունեցած վաստակի համար 2010 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացու», իսկ 2011 թվականին՝ Արցախի նախագահի «Երախտագիտության» մեդալներով: 1974 թվականին պարգևատրվել է Ն․Ի․ Վավիլովի մեդալով, 1998 թվականին՝ Աշխարհագրության և կենսաշխարհագրության միջազգային ինստիտուտի ոսկե մեդալով։ 2004 թվականին արժանացել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալի։

Ռաֆիկ Եդոյանն ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը: Նրա ղեկավարած ԲՈՒՀ-ն ընդունել է Ադրբեջանի կողմից փակված Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողությանը, որոնց նա մեծ ջանքերի շնորհիվ տեղափոխել է Արցախ: Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով փլվել է ինստիտուտի հանրակացարանային շենքը և վթարային են դարձել ուսումնական մասնաշենքերը: Մասնակցելով փրկարարական, որոնողական ու երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին՝ Ռաֆիկ Եդոյանը պահպանել է ուսումնական գործընթացը ճգնաժամային պայմաններում:

Ռաֆիկ Եդոյանը ծնվել է Նոր Բայազետի շրջանի Հացառատ գյուղում (ներկայիս Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում): 1958 թվականին ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով գիտնական ագրոնոմի որակավորում: 1964 թվականին ընդունվել է ասպիրանտուրա ՀՀ ԳԱ երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի սելեկցիայի և բուսական ռեսուրսների բաժնում՝ «Սելեկցիա» մասնագիտությամբ: 1967 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ: 1970 թվականին աշխատանքի է անցել ՀՀ ԿԳ նախարարության Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում (ներկայիս Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան), որտեղ ղեկավարել է բուսաբանության, կենսաբանության ամբիոնները, կենսաբանության ֆակուլտետը։ 1987 թվականին ընտրվել է ռեկտոր և շուրջ երկու տասնամյակ՝ 1987-2006 թվականներին ղեկավարել մանկավարժական ինստիտուտը:

 

Նմանատիպ նյութեր