211652_close_icon
views-count717 դիտում article-date 20:36 18-01-2023

Արցախի ազգաբնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի՝ գրեթե լուռ համաձայնությամբ. ԱՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հումանիտար աղետի խորացման մասին.
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտականությունները, դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանական կեղծ պատրվակով խորացնում Է Արցախի շրջափակման քաղաքականությունը:

Շարունակվող լիակատար շրջափակման և ձմռան պայմաններում էլեկտրաէներգիայի, համացանցի, իսկ 2023թ․ հունվարի 17-ից նաև գազի մատակարարման հերթական խափանումները Արցախի Հանրապետության ազգաբնակչությանը կանգնեցնում են հումանիտար աղետի եզրին։ Դրան գումարվել է նաև հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը խաղապահների ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխաների նկատմամբ «էկոակտիվիստ»-ների ահաբեկչական գործողությունները, և այդ ամենը ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում տարածելը:

Արցախի Հանրապետության ազգաբնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի՝ գրեթե լուռ համաձայնությամբ: Այն նպատակ ունի կոտրել արցախահայության կամքը և տասնյակ հազարավոր մարդկանց էթնիկ զտումների միջոցով բռնատեղահանել իրենց պատմական հայրենիքից։ Նմանօրինակ քայլերով Ադրբեջանը փորձում է նաև ձախողել տարածաշրջանում պատերազմի օջախների մարմանն ու հակամարտությունների կարգավորմանն ուղղված միջազգային կառույցների և տարբեր երկրների ջանքերը։

2020թ. նեյեմբերի 9-ի հայտարարության կողմեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու և հումանիտար աղետը կանխելու համար:

Հորդորում ենք միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին հայտարարություններից և կոչերից զատ գործնական քայլերով կանխել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները:

Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները արժանապատվորեն հաղթահարելու նպատակով դիմում ենք համայն հայությանը՝ համապատասխան քայլեր ձեռնարկել սանձելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և պաշտպանելու սեփական հողում ապրելու արցախահայության օրինական իրավունքը։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական hայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

ք․ Ստեփանակերտ

18․01․2023թ․»:

Նմանատիպ նյութեր