211652_close_icon
views-count847 դիտում article-date 11:50 19-01-2023

ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել դիտարկել օդային ճանապարհով Արցախ հումանիտար օգնություն հասցնելու տարբերակը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիային կոչ են արել առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի վերջ դրվի Արցախի շրջափակմանը, քանի դեռ ներկա ճգնաժամն այնտեղ աղետալի չի դարձել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Ինչպես նշել են կոնգրեսականները, հարկավոր է, որպեսզի Բայդենի ադմինիստրացիան առավելագույն ճնշում գործադրի՝ դադարեցնի Ադրբեջանին ցանկացած տեսակի ռազմական աջակցություն, ադրբեջանական ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառի շարունակվող ռազմական հանցագործությունների համար, օդային ճանապարհով անհապաղ մարդասիրական օգնություն հասցնի Արցախի ժողովրդին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերին հասցեագրված նամակում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Փրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դեվիդ Վալադաոն, ինչպես նաև կոնգրեսական Աննա Էշուն գրել են. «Լաչինի միջանցքը բացելու ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի աշխատում: Ալիևի ռեժիմը միտումնավոր քայլեր է ձեռնարկում Արցախից հայ բնակչությանը հեռացնելու և նրանց իրենց նախնինների հողում ազատ ապրելու հնարավորությունից զրկելու համար: Սա էթնիկ զտման ակնհայտ նշան է, որը չպետք է անտեսվի»: 

Կոնգրեսականները նաև նշել են, որ ԱՄՆ-ն պետք է դիտարկի Արցախին մարդասիրական օգնություն հասցնելու բոլոր հասանելի տարբերակները, ներառյալ օդային ճանապարհով բեռներ հասցնելը:

Նմանատիպ նյութեր