211652_close_icon
views-count907 դիտում article-date 09:46 10-02-2023

ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել ժամանակավոր դատախազություն՝ հետաքննելու համար ՌԴ-ի հանցագործությունները Ուկրաինայում

Ինչպես միջազգային, այնպես էլ ուկրաինական դատարանները հետաքննում են ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ռուսաստանի կողմից անցյալ տարվա փետրվարին Ուկրաինա ներխուժելուց հետո։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այժմ ուկրաինական իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են անում ստեղծել դատարան՝ Ռուսաստանին հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու ագրեսիայի իրականացնելու հանցագործության համար:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը հայտարարել է, որ դա անհրաժեշտ քայլ է։

«Ուկրաինան կոչ է անում ստեղծել ագրեսիայի իրագործելու հանցագործության համար ժամանակավոր հատուկ տրիբունալ՝ որպես պատասխանատվության ենթարկելու ամենաիրական և արդյունավետ ճանապարհ»,- ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազը:

Կոստինն ասել է, որ միջազգային հանրության գործն է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելը, քանի որ Ուկրաինայի դատական համակարգը չի կարող իրավական միջոցներ ձեռնարկել այլ երկրի ղեկավարների դեմ:

ՄԱԿ-ին ներգրավելու փորձերը խնդրահարույց է, քանի որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և կարող է վետո դնել գործ հարուցելու ցանկացած փորձի վրա:

ԱՄՆ պետքարտուղարությունը դիտարկում է տարբեր ձևաչափեր՝ պոտենցիալ միջազգային տրիբունալ ստեղծելու համար և առաջարկում, որ այս փուլում ստեղծվի ժամանակավոր դատախազություն.

«Այն կմիավորի ուկրաինացի դատախազներին այլ միջդիսցիպլինար և միջազգային փորձագետների հետ, որպեսզի սկսեն հավաքել տեղեկատվություն, որը կօգտագործվի ագրեսիայի հանցագործության համար քրեական հետապնդում սկսելու նպատակով»,- պնդում է Համաշխարհային քրեական արդարադատության ԱՄՆ-ի գլխավոր դեսպան Բեթ Վան Շաքը:

Քլինթ Ուիլյամսոնը` պատերազմական հանցագործությունների հարցերով ԱՄՆ նախկին դեսպանը, միջազգային թիմում է, որը կօգնի Ուկրաինային ռազմական հանցագործությունների հետապնդման հարցում: Նա շեշտում է Հաագայում գրասենյակ ունենալու կարևորությունը։

«Կարծում եմ՝ այս քննարկումներն առաջ են շարժվում, ու մարդիկ այլ տարբերակներ են դիտարկում, որոնցից մեկը ժամանակավոր դատախազության ստեղծումն է: Դա ճանապարհ կհարթի ի վերջո դեպի դատարանի ստեղծում»,- նշել է ԱՄՆ պատերազմական հանցագործությունների նախկին դեսպան Քլինթ Ուիլյամսոնը։

Նաև այս տարի, նախագահ Բայդենը ստորագրեց «Արդարադատություն պատերազմական հանցագործությունների արդյուքում զոհերի համար» օրենքը, որը հնարավորություն է տալիս քրեական պատասխանատվության ենթարկել ենթադրյալ ռուս ռազմական հանցագործներին ԱՄՆ-ում:

«Ըստ սկզբնական կանոնադրության՝ մենք կարող էինք քրեական պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործության համար միայն այն դեպքում, եթե զոհը կամ հանցագործը ամերիկացի է: Դա նշանակում էր, որ ուկրաինացի խաղաղ բնակիչների՝ կանանց, երեխաների, կալանավորված ռազմագերիների դեմ ռուսական ռազմական հանցագործություններից ոչ մեկը չի կարող հետապնդվել ԱՄՆ դատարաններում»:

Առայժմ արդարադատության անիվները դանդաղ են շարժվում, հատկապես միջազգային հարթակում, իսկ պաշտոնյաներն ասում են, որ կարող են տարիներ անցնել մինչև որևէ ենթադրյալ պատերազմական հանցագործ կանգնի դատարանի առջև:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր