211652_close_icon

Ստի ոտքերը, միևնույն է, կարճ են․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count1126 դիտում article-date 10:48 10-02-2023
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Բերձորի միջանցքի փակման գործողությունների պատճառով Ադրբեջանին ուղղված միջազգային աննախադեպ ճնշումները եւ քննադատություններն այդ երկրի պետական համակարգի ներկայացուցիչներին ցայտնոտի մեջ են գցել: Որեւէ կերպ չկարողանալով իր մարդատյաց, ապակառուցողական գործողությունների համար հիմնավոր փաստարկներ կամ պատճառաբանություններ բերել՝ Բաքվի քաղաքական  վերնախավը հայտնվել է ցնցումների մեջ եւ չտարբերակված վիրավորանքներ, կեղծիքներ է տարածում այս ու այն կողմ: Ադրբեջանական կեղծիքին մեր պետության քաղաքացիները վաղուց են ծանոթ եւ պարբերաբար զգում են դրանց բացասական հետեւանքները, երբ հաջողվում է միջազգային կառույցներում դրանք ճշմարտության տեղ «անցկացնել»:

Վերջին ամիսներին, սակայն, արդեն միջազգային կառույցների ներկայացուցիչներն են իրենց մաշկի վրա զգում ադրբեջանական կեղծիքի ողջ «հմայքը», ինչը նրանց պարտադրում է այլեւս չլռել: Օրերս Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլլան ստիպված էր իր վրդովմունքն արտահայտել Ադրբեջանի խորհրդարանի նախագահին: Իսկ պատճառն այն էր, որ այդ երկրի մեջլիսում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Թուրալ Գյանջալիեւը հերթական կեղծ հայտարարություններն էր արել, բայց այս անգամ դրանց ավանդական հասցեատերը Հայաստանը չէր, այլ Եվրոպայի ներկայացուցչական մարմնի պատգամավորը:

Փորձելով որեւէ կերպ պայքարել Ադրբեջանի մարդատյաց գործողությունների պատճառով Եվրոպայից եկող ճնշումների դեմ՝ Գյանջալիեւը Եվրոպական խորհրդարանին մեղադրել էր կոռուպցիայի միջոցով եվրոպացի խորհրդարանականներին ֆինանսավորման մեխանիզմ ստեղծելու մեջ: Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել էր, թե, իբր, Արցախի Հանրապետությունում արդյունահանվող ոսկին «մտնում» է Ադրբեջանի գործողությունները քննադատող կազմակերպությունների անդամների «գրպանները»: Նա նաեւ տարածել էր Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդի նկատմամբ անուղղակի անձնական հարձակմամբ հոդված եւ նրան մեղադրել կոռուպցիայի մեջ: Եվրոպական ներկայացուցչական մարմնի ղեկավարն ստիպված կոչ է արել ադրբեջանցիներին գալ առողջ քննադատության դաշտ եւ փաստերով խոսել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր