211652_close_icon
views-count877 դիտում article-date 18:39 15-02-2023

Քննարկվել են ՀՀ ԳԱԱ բարեփոխումների ուղղությունները և Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում մշակվող ծրագրերը

Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծված գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակում քննարկվեցին ՀՀ ԳԱԱ բարեփոխումների ուղղությունները և Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում մշակվող ծրագրերը։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների տնօրենները, գիտաշխատողներ։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շեշտեց․ «Մենք պետք է ներկայացնենք ներդրումային մեծ ծրագրեր՝ ուղղված պետության հզորացմանը»։ ՀՀ ԳԱԱ նախագահը կարևորեց ԳԱԱ-ում բարեփոխումների իրականացումը, գիտական կենտրոնների ստեղծումը։

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ներկայացրեց բաժանմունքի ինստիտուտների տնօրենների հետ մշակվող նպատակային ծրագրերը։

«Երբ Ադրբեջանի կողմից շրջանառվեց «Արևմտյան Ադրբեջան» շինծու գաղափարը, մենք նամակով դիմեցինք ՀՀ վարչապետին։ Հիմա աշխատում ենք Անվտանգության խորհրդի հետ։ Առաջարկում ենք վեց նպատակային ծրագիր, որոնք միտված են նրան, որպեսզի կարողանանք արմատախիլ անել Ադրբեջանի հիմնական կեղծ փաստարկները։ Առաջին ծրագրի շրջանակներում մենք պետք է շարադրենք Ադրբեջանի իրական պատմությունը և բացահայտենք նրանց կեղծիքները։ Երկրորդ ծրագրով նախատեսված է մանրակրկիտ ներկայացնել Հայաստանի ժողովրդագրական կազմը և փոփոխությունները հնագույն ժամանակներից մինչև 21-րդ դար, երրորդ ծրագրով՝ Հայաստանում բնակավայրերի տեղանունների կազմավորման միտումները։ Սրանք ամենաշատ շահարկվող փաստարկներն են Ադրբեջանի կողմից, որոնց պետք է հանգամանորեն հակադարձել։ Պետք է հրապարակվեն հոդվածներ և գրքեր օտար լեզուներով», - ասաց Յուրի Սուվարյանը։

Ինստիտուտների տնօրենները և գիտաշխատողները քննարկեցին օպտիմալացման և միջգիտակարգային համագործակցության վերաբերյալ հարցերը։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց․ «Տպավորություն է ստեղծվում, թե օպտիմալացում, միջգիտակարգային կապեր, համագործակցություն ինստիտուտների միջև չի եղել։ Ինստիտուտներում օպտիմալացում եղել է, համագործակցություն՝ ևս։ ԲՈՒՀ-երի մասնակցությամբ բազմաթիվ գիտաժողովներ ենք անցկացրել։ Ես առաջարկում եմ՝ ո՛չ համալսարանը քանդեն, ո՛չ էլ մենք փոշիանանք՝ այնտեղ գնալով։ Առաջարկում եմ մագիստրոս, ասպիրանտ, դոկտորանտ ակադեմիայում պատրաստենք»։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց․ «Գիտությունների ազգային ակադեմիան ազգային արժեք է, և դեպի ԲՈՒՀ-եր գնալը լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Հայագիտությունը հայտնվելու է լճացման մեջ, իսկ առանց հայագիտության զարգացման Հայաստանն ապագա չունի»։

Քննարկման մասնակիցները ներկայացրին առաջարկություններ՝ միջգիտակարգային համագործակցության, ինստիտուտների ուժեղացման, փորձագիտական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր