211652_close_icon
views-count1081 դիտում article-date 12:47 17-02-2023

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը. Բորել

Եվրոպական հանձնաժողովի անունից Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պատասխանել է սոցիալիստների և դեմոկրատների քաղաքական խմբի Եվրախորհրդարանի պատգամավոր Դիմիտրիս Պապադակիսի՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ գրավոր հարցին։

Իր պատասխանում Բորելը հայտնել է, որ 2022 թվականի դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին և դրանց մարդասիրական ազդեցությանը։

Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն նախկինի պես լրջորեն անհանգստացած է ազատ տեղաշարժի և կենսական նշանակության ապրանքների մատակարարման շարունակական սահմանափակումներով, որոնք լուրջ խնդիրներ են առաջացնում տեղի բնակչության համար:

Ժոզեպ Բորելն իր պատասխանում հայտարարել է, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ սերտ կապի մեջ է երկու կողմերի հետ: ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել միջանցքով երթևեկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր պարտավորությունների: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նաև ընդգծել է Ռուսաստանի պատասխանատվությունն այս հարցում, որի խաղաղապահ ուժերի հսկողության տակ է Լաչինի միջանցքը՝ համաձայն նույն եռակողմ հայտարարության։

Բորելը հայտնել է, որ ԵՄ հումանիտար ֆինանսավորումը՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքները հաղթահարելուն, 2022 թվականին կազմել է 3,6 միլիոն եվրո: Այն ամբողջությամբ հանձնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ միակ միջազգային մարդասիրական կազմակերպությանը, որը կարող է գործել Լաչինի միջանցքի երկայնքով գտնվող վայրերում։ 2020 թվականին հակամարտության սրումից ի վեր ԵՄ-ն շուրջ 27 միլիոն եվրո է հատկացրել մարդասիրական օգնության և արագ վերականգնման համար՝ ուղղված մարտական գործողություններից տուժած բնակչության ամենախոցելի խմբերի աջակցությանը:

Նմանատիպ նյութեր