211652_close_icon
views-count3007 դիտում article-date 19:33 11-03-2023

2022 թվականի լավագույն պարեկ է ճանաչվել Մամիկոն Սահակյանը․ նա բացահայտել է կաշառքի, ապօրինի թմրաշրջանառության, գողության և այլ դեպքեր, հայտնաբերել հետախուզվողների

2021 թ. ամռանը Երևանում մեկնարկեց պարեկային ծառայությունը։ Ծառայությունը նոր ոճ և ձեռագիր բերեց ոստիկանության համակարգ՝ իրավախախտումների, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև դրանց կանխարգելման գործում։ Մինչ այդ իրականացվել էր ծավալուն աշխատանք՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու այն տեղայնացնելու կարևորությունը։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ծառայության պատրաստվող պարեկները համապատասխան ուսումնառություն անցան ոստիկանության ակադեմիայում։ Առաջին շրջանավարտների թվում էր նաև 2022 թվականի լավագույն պարեկ ճանաչված Մամիկոն Սահակյանը, որն այսօր էլ նվիրումով ծառայում է պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումատակի առաջին վաշտում։

Ծառայության յուրաքանչյուր օրը Մամիկոն Սահակյանի համար մարդկային, մասնագիտական որակները, հմտությունն ու փորձը իրացնելու յուրատեսակ հնարավորություն է։ Հասարակության տարբեր շերտերի, տարբեր բնավորություն և արժեհամակարգ ունեցող յուրաքանչյուր անհատի հետ շփվելիս նա, որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ, դրսևորում է բացառիկ պատասխանատվություն՝ կոչմանն ու առաքելությանը հավատարիմ։

Ծառայություն իրականացնելով մայրաքաղաքի տարբեր թաղամասերում՝ Մամիկոն Սահակյանը երթևեկության կարգավորման, ճանապարհատրանսպորտային պատահարների արձանագրման, հասարակական կարգի ապահովման և տարաբնույթ այլ իրավիճակներում հավատարիմ է իր սկզբունքին՝ գործել օրենքի և օրինականության սահմաններում։ 2022 թվականին նա կազմել է 861 արձանագրություն, որոնցից ոչ մեկը չի բեկանվել, նաև քաղաքացիների կողմից նրա ծառայության հետ կապված որևէ բողոք չի ստացվել։ Սրանք փաստեր են, որոնք վկայում են Մամիկոն Սահակյանի պրոֆեսիոնալիզմի մասին։

Անցած տարում պարեկ Սահակյանը բացահայտել է կաշառքի, ապօրինի թմրաշրջանառության, գողության և այլ դեպքեր, հայտնաբերել հետախուզվողների։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր