211652_close_icon
views-count1045 դիտում article-date 14:09 21-03-2023

309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե

«Ավելի քան 6000 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի մեր գրասենյակում: 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։ 63 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը»,- նման տեղեկատվություն է հրապարակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը՝  ամփոփելով 2022 թ-ին Հայաստանում իրականացված մարդասիրական աշխատանքը։

Ըստ կոմիտեի,  309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։ Հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով 80 անհայտ կորած անձի ընտանիքի այցելություն է կատարվել՝ ընտանիքների կարիքների գնահատման շրջանակներում։

6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում մեկնարկած «Սատարում» ծրագրի շրջանակներում։ 18 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել 90-ականների հակամարտության հետևանքով 141 անհայտ կորած անձանց ընտանիքների հետ՝ ԿԽՄԿ-ի գործունեության և տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ։

Ավելի քան 1550 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։

Կոմիտեից հայտնում են՝ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։

Նմանատիպ նյութեր