211652_close_icon
views-count979 դիտում article-date 22:08 13-04-2023

Հայաստանը հաստատակամ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ. Վահագն Խաչատուրյանը` ԵԱՀԿ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահն ասել է.

«Համոզված եմ, որ Ձեր այցելությունը իր նպաստը կբերի տարածաշրջանում խնդիրների լուծմանը: Ցավոք սրտի, իրավիճակն այնպիսին չէ, որպեսզի մենք անհանգստանալու տեղ չունենանք խաղաղության ճանապարհին առկա գործընթացում:

Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ-ն իր դերն ունի մեր տարածաշրջանի հիմնախնդիրների հանգուցալուծման հարցում՝ հաշվի առնելով և ԵԱՀԿ-ի գործունեությունը, և ԵԱՀԿ-ի հետ մեր ունեցած երկարաժամկետ աշխատանքային փորձը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Բույար Օսմանին իր խոսքում նշել է.

«Պարոն նախագահ, սա իմ առաջին այցելությունն է այս տարածաշրջան և Հայաստան: Այսօր այստեղ եմ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև երկարամյա հարաբերությունները քննարկելու համար: Կարող եմ ասել, որ մենք ունենք արժեքավոր և արդյունավետ համագործակցություն՝ հիմնված փոխվստահության վրա, ինչպես նաև պատրաստ ենք համագործակցության նոր էջ բացել՝ հաշվի առնելով փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքները»:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու հնարավորությունները:

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր դիրքորոշման մեջ:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ԼՂ բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հարցեր:

Բույար Օսմանին, անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը, նշել է, որ ԵԱՀԿ-ն և մասնավորապես` Հյուսիսային Մակեդոնիան, նման հիմնախնդիրների լուծման մեծ փորձառություն ունեն և պատրաստակամ են կիսվել այդ փորձով:

Նմանատիպ նյութեր