211652_close_icon
views-count4312 դիտում article-date 17:40 17-04-2023

Քեզ բացակա չենք դնի․ ծնունդդ շնորհավոր՝ լեգենդ դարձած հերոս, Արցախը քո 2-րդ տունը համարող Հրայր Ասրյան․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Հրայր Մաքսիմի Ասրյան, ճարտարապետ, կամավոր

Ծնվել է 1988թ. ապրիլի 14 -ին ք. Երևանում:    

2005թ.ավարտել է  Երևանի «Գ. Վարդանյանի» անվան հ. 192 դպրոցը:             
 
2005-2012թթ. սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետություն և դիզայն բաժինը՝ ստանալով ճարտարապետ- դիզայների որակավորում:          

2008-2010թ.. ծառայել է հայոց բանակում՝ Կապան քաղաքում: 

2011-2016թթ. աշխատանքի է անցել «Արխինեքս» ՍՊԸ-ում որպես հիմնադիր տնօրեն և իրականցրել բազում հեղինակային, հասարակական, բնակելի շինությունների նախագծային աշխատանքներ և կառույցներ:                  

Մի անհասկանալի կերպով շատ էր սիրում Արցախ աշխարհը, գերված էր Արցախի բնությունով, ասում էր՝ «էս մեր Շվեյցարիան է...» 

Ունենալով արտասովոր ճարտարապետական միտք, փայլուն գիտելիքներ, 2018թ. առաջարկ է ստանում Արցախի Հանրապետությունից՝ ստանձնելու Շահումյանի շրջանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի պաշտոնը: 

Անտարբեր չլինելով Արցախի բնության, արցախյան ճարտարապետության նկատմամբ, թողնում է իր երևանյան բարեկեցիկ կյանքը և մեկնում Արցախ:
 
Ապրում է Քարվաճառում քեռու աղջկա տանը: 

Օր ու գիշեր ջանք ու եռանդ ներդնելով, կառուցում է նորանոր թաղամասեր, ծննդատուն, մանկապարտեզ, մշակույթի տուն, ջրագծեր։ Կարճ ժամանակում հարյուրավոր քարվաճառցիների համար կառուցեց բնակարաններ ու դեռ պետք է կառուցեր... Եվ ինքն էլ սպասելով մնաց իր տանը, որը պետք է հանձնվեր Հայաստանից տեղափոխված երիտասարդներին... ա՜վաղ:

Ինքն այն տեսակն էր, որ երբեք չէր ասի՝ «ես բացի կարկինից ու մատիտից, չեմ կարող զենք բռնել ու կռվել»։ Աննկարագրելի անվախ էր։ Բացարձակ չխուսափեց։ Անգամ չօգտվեց ընձեռնված հնարավորությունից՝ խուսափելու կռվից, նետվեց պաշտպանելու իր հայրենիքը, իր սուրբ հայրենիքը: Պատերազմի սկզբում Քարվաճառի դիրքրն է պաշտպանում, իսկ հետո լսելով, որ թշնամին մտել է Շուշի, հոկտեմբերի 20-ին կամավորագրվում է լեգենդար «Շահեն Մեղրյանի» անվան կամավորական ջոկատին՝ իրականացնելով դիվերսիոն աշխատանքներ, մարտեր մղում Շուշիի բոլոր գյուղերում, Ավետարանչոց գյուղում, Շուշիի Քարին Տակում: 

Հոկտեմբերի 31-ին առավոտյան դուրս են գալիս հերթական առաջադրանքը կատարելու։ Շատ թեժ մարտեր են լինում։ Եվ թշնամու հրետանու անդադար ռմբակոծությունից ընկնում է Ասկերանի վերին ենթաշրջանի Սղնախ գյուղի մատույցներում։

Հրայրը հերոսաբար զոհվեց՝ միանալով անմահների բանակին: 

Նոյեմբերի 2-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի  կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ավաղ,ամուսնացած չէր...

Ցա՞վ, թե՞ Հպարտություն․․․

Պատերազմի առաջին օրից վերցրեց զենքը ու գնաց պաշտպանելու Արցախ աշխարհը. գնաց պաշտպանելու իր երազանքները Արցախ աշխարհում իրագործելու հնարավորությունը... 

Ցա՞վ, թե՞ Հպարտություն:

Չէ, հպարտություն... Հպարտություն, որ ունենք նման հերոսներ, հպարտություն, որ ճարտարապետ թե դերասան, հոգեւորական թե բժիշկ, թողնելով ամեն բան, կանգնել են պաշտպանելու իրենց երազանքները Արցախ աշխարհում իրագործելու համար...

․..Մեր բոլորիս Հերոս, Հրո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր