211652_close_icon

Միջազգային հանրությունը պետք է ԼՂ-ում իրավիճակին հստակ ու հասցեական գնահատական տա. Փաշինյանը՝ Պրահայում

views-count829 դիտում article-date 16:12 04-05-2023
Վարչապետ Ֆիալային շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար. այդ համատեքստում ընդգծել եմ Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիտորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավով պետք է նշեմ, որ ի հեճուկս բոլոր ջանքերի, իրավիճակը մեր  տրածաշրջանում շարունակում է մնալ լարված: Դրա պատճառն այն է, որ չնայած հայտնի պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, ԼՂ-ում եւ Լաչինի միջանցքում:

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը  եւ դրան նախորդած միջանցքի արգելափակումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարին կայացրած որոշման կոպիտ խախտում է: Արդեն 4 ամիս ԼՂ ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից: Ավելին, Ադրբեջանը խափանել է ԼՂ-ի բնական գազի եւ էլեկտրաէներգիայի  մատակարարումը: Սնունդը ԼՂ-ում վաճառվում է կտրոններով եւ այսպիսով այնտեղ հաստատված է հումանիտար ճգնաժամ»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ ու հասցեական գնահատական տա. «Մանավանդ, որ մեր գնահատմամբ Ադրբեջանի այդ գործողությունները ԼՂ-ում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: Այս համատեքստում ԼՂ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ:

Միաժամանակ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը. Մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, եւ ոչ միայն նպատակ է, այլեւ միջոց ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների  կարգավորման եւ հետագա զարգացման համար:

Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գորընթացում եւ առաջիկայում էլ ներգրավված կմնանք՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել եւ ոչ թե բանակցել բանակցելու համար:

Այս նպատակին հասնելու համար մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի եւ ուժի սպառնալիքի կիրրառման քաղաքականությունից եւ ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը նույնպես Ադրբեջանինուղղված նման ուղերձով հանդես կգա»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր