211652_close_icon
views-count751 դիտում article-date 17:01 08-05-2023

Վրաստանը և Գերմանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագիր

Վրաստանի պաշտպանության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Գերմանիայի Ազգային կոդավորման բյուրոյի հետ: Գրում են վրացական լրատվամիջոցները:

«Վրաստանի պաշտպանության նախարարությունում ընդունել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոդավորման բյուրոյի տնօրեն, գնդապետ Մանֆրեդ Կլաֆուսին և բյուրոյի ներկայացուցիչներին... Հանդիպման վերջում կողմերը ձևակերպել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթն ստորագրել են Վրաստանի պաշտպանության նախարարության կոդավորման բաժանմունքի պետ, գնդապետ Դավիթ Մամուլաիշվիլին և գնդապետ Մանֆրեդ Կլաֆուսը, որը միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի կոդավորման կոմիտեի ղեկավարն է», - ասված է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ փաստաթուղթը Վրաստանի պաշտպանության նախարարությանը և գերատեսչության նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումներին թույլ կտա ավելի համատեղելի դառնալ ՆԱՏՕ-ի չափանիշներին։

Մինչև համաձայնագրի ստորագրումը գերմանացի հյուրերը ծանոթացել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումներին։ Այցի հիմնական թեման ՆԱՏՕ-ի ստանդարտներով Վրաստանի Ազգային կոդավորման բյուրոյի ձևավորման գործընթացն է։ Վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Գերմանիայից ժամանած գործընկերներին հանրապետության զինվորականներին ցուցաբերվող գործնական և ֆինանսական օգնության համար:

Նմանատիպ նյութեր