211652_close_icon
views-count55649 դիտում article-date 14:40 18-05-2023

Խոշոր հրդեհ Երևանում․ բարձրահարկ շենքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից․ հայտարարվել է Բիս1․ պարեկները սահմանազատել են շենքը․ բնակարանը գազաֆիկացված չէ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար  ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան 24/1 բազմաբնակարանային շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և 2 օպերատիվ խումբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրվում է բարձրահարկ շենքի բնակարաններից մեկը, ու ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կմ-ից։

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Տրանսգազ» ընկերության ներկայացուցիչները։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր բնակվում են նշված շենքում, հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, սակայն ասում էին․ «Ուժեղ կրակ, հետո ծուխ նկատեցինք։ Լավ էր՝ կարճ ժամանակում հրշեջները եկան, նրանց հետևից էլ՝ պարեկները։ Ու ավտոսանդուղքով հրշեջները սկսեցին կրակի դեմն առնել։ Էդ տունը, որը վառվում է, գազաֆիկացված չի, գազ չկա։ Թե խի են գազի աշխատողներն եկել՝ չգիտենք։ Բայց երևի կարգն է էդպես։ Հալալ է նաև շտապօգնության բժիշկներին՝ շուտ եկան։ Հիմա մնում է պարզեն, թե ինչից է առաջացել կրակը»։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ով տեղում իրավիճակի մասին հեռախոսով տեղեկություններ էր հայտնում ՓԾ տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր